
«…սերը երբեք չի նախանձում և չի բորբոքվում խանդով»: Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 13.4, AMP
Աստվածաշունչն ասում է, որ սերը չի նախանձում կամ չի խանդում, բայց խանդը փոքրիկ զգացում է, որը կարող է հեշտությամբ սողոսկել մեր կյանքի մեջ, եթե ուշադիր չլինենք: Ես բացահայտել եմ, որ նախանձից կամ խանդից ազատվելու լավագույն միջոցն ընդունելն է, որ այն կա: Երբ խանդի զգացում եք ունենում, ազնի՛վ եղեք Աստծո հետ և խնդրե՛ք, որ օգնի ձեզ ազատ ապրելու դրանից:
Պետք է խոստովանեմ, որ, ինչպես շատերը, ես նույնպես կյանքում գործ եմ ունեցել խանդի և նախանձի հետ: Լինում էին օրեր, երբ լսում էի, որ ինչ-որ մեկն օրհնվել է, և մտածում էի. «Ե՞րբ է դա տեղի ունենալու ինձ հետ»: Բայց հասկացա, որ երբ այդպիսի մտքեր էին առաջանում, անմիջապես պետք է բացեի բերանս և ասեի. «Ես ուրախ եմ այդ մարդու համար, ես հրաժարվում եմ նախանձելուց և խանդելուց»:
Հոգևոր հասունության՝ Աստծո հետ սերտ փոխհարաբերության մեջ ապրելու նշան է այն, երբ ընտրում ենք օրհնել ուրիշներին և չվախենալ, որ նրանք մեզնից առաջ կանցնեն: Մենք կարող ենք ընտրել չնախանձել մեկ ուրիշի տեսքին, ունեցվածքին, կրթությանը, հասարակական դիրքին, ամուսնական կարգավիճակին, պարգևներին ու տաղանդներին, աշխատանքին կամ որևէ այլ բանի, որովհետև դա միայն կխանգարի մեր օրհնությանը: