
«Երբ որ հասկացողությանը (զանազանմանը) կանչես և ձայն տաս հանճարին… Այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը և Աստծո գիտությունը կգտնես» (ԱՌԱԿԱՑ 2.3-5):
Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություն կառուցելու ընթացքում զարգացնում ենք նաև զանազանման կարողությունը: Այն թույլ է տալիս թափանցելու իրավիճակների խորքը և տեսնելու դրանց էությունը: Միշտ չէ, որ իրավիճակներն այնպիսին են, ինչպիսին թվում են, ուստի զանազանումը շատ արժեքավոր կարողություն է: Եթե ունենանք զանազանող միտք և սիրտ, կխուսափենք բազում անախորժություններից: Քաջալերում եմ քեզ կանոնավոր աղոթել զանազանման համար:
Եթե կայացնենք որոշումներ՝ հիմնվելով արտաքին երևույթների, մեր կարծիքի կամ մեր զգացմունքների վրա, ապա բազմաթիվ ոչ խելամիտ որոշումներ կկայացնենք: Հնարավոր է՝ ինչ-որ բան քեզ լավ թվա, մինչդեռ հոգու խորքում ունես զգացողություն, որ պետք է զգույշ լինես և առաջ չշարժվես: Այս դեպքում պետք է սպասել և մի փոքր ավելի աղոթել՝ խնդրելով, որ Աստված առաջնորդի և օգնի, որ կարողանաս հոգով զանազանել: Երբեք ոչինչ մի՛ արա, եթե չունես խաղաղություն կամ հոգումդ անհարմարություն ես զգում:
Այսօրվա խոսքը քաջալերում է մեզ հասկանալ Տիրոջ երկյուղը: Երբ զգուշանում ենք անել այն, ինչը հակառակ է մեր սրտի զգացողությանը, սովորում ենք հմտանալ Տիրոջ երկյուղի մեջ: Մենք ակնածանք ենք ցուցաբերում այն ամենի հանդեպ, ինչ Նա ցույց է տալիս, նույնիսկ եթե բոլորովին չենք հասկանում դա: Սովորել առաջնորդվել Հոգով՝ նշանակում է բացահայտել և հարգել այն միջոցները, որոնցով Աստված հաճախ խոսում է, իսկ դրա համար անհրաժեշտ է զարգացնել զանազանման կարողությունը: Այնպես որ՝ շարունակի՛ր աղոթել և հմտանալ այս ոլորտում:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մի՛ կայացրու որոշումներ՝ հիմնվելով միայն մտավոր գիտելիքների վրա. կատարի՛ր ներքին ստուգում և ունեցի՛ր հոգևոր զանազանում: