Սովորի՛ր Պողոսի աղոթքներից

Սովորի՛ր Պողոսի աղոթքներից

«Որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառքի Հայրը, տա ձեզ իմաստության և հայտնության հոգի…» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 1.17):

Ուզում եմ, որ այսօր ուշադրությունդ կենտրոնացնես Պողոսի աղոթքների վրա: Երբ կարդացի նրա աղոթքները Եփեսացիների, Փիլիպեցիների և Կողոսացիների թղթերում, չափազանց վատ զգացի իմ մարմնավոր աղոթքների համար: Պողոսի աղոթքներն այնպիսի ազդեցություն ունեցան ինձ վրա, որ իմ աղոթքի կյանքը մեկընդմիշտ փոխվեց: Ես տեսա, որ Պողոսը երբեք չէր աղոթում, որ մարդիկ հեշտ կյանք ունենային կամ ազատվեին դժվարություններից: Փոխարենը, նա աղոթում էր, որ նրանք կարողանային անխռով տանել այն ամենը, ինչին բախվում էին կյանքի ճանապարհներին, լինեին համբերատար ու հաստատուն և Աստծո շնորհքի կենդանի օրինակներ դառնային ուրիշների համար: Նա աղոթում էր այն բաների համար, որոնք կարևոր էին Աստծո համար, և փորձառությունից կարող եմ հավաստիացնել, որ երբ այդպիսի աղոթքներ ենք անում, Աստված անհավանական զորություն է արձակում մեր կյանքի մեջ: Մենք պետք է հոգ տանենք ավելի շատ մեր հոգևոր վիճակի համար, քան՝ թե ինչպես ստանանք այն, ինչ ուզում ենք:

Այսօրվա խոսքը Պողոսի աղոթքներից է: Այն սովորեցնում է աղոթել իմաստության և հայտնության հոգու համար, ու դա պետք է լինի մեր հիմնական խնդրանքը։ Իրականում, կարծում եմ, Աստծուց հայտնություն՝ հոգևոր խորաթափանցություն և հասկացողություն խնդրելը առավել կարևոր աղոթքներից է: «Հայտնություն»՝ նշանակում է «բացահայտում, վերհանում»: Մենք պետք է խնդրենք Աստծուն հայտնել այն, ինչ պատկանում է մեզ Քրիստոսում: Մենք կարիք ունենք, որ Նա հայտնի և վեր հանի Խոսքի ճշմարտությունները, որպեսզի հասկանանք, թե ինչպես աղոթենք մեր և ուրիշների համար: Երբ ինչ-որ մեկը պատմում է աստվածաշնչյան որևէ սկզբունքի կամ հոգևոր ճշմարտության մասին, դա տեղեկություն է: Բայց երբ Աստված օգնում է քեզ հասկանալ այդ տեղեկությունը, այն դառնում է հայտնություն. իսկ հայտնությունը մի բան է, որը ճշմարտությունն այնքան իրական է դարձնում, որ ոչինչ չի կարող խլել այն քեզնից:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դադարեցրո՛ւ մարմնավոր աղոթքները և փոխարենը խնդրի՛ր, որ Աստծո ներկայությունն ավելանա քո կյանքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon