
«Բայց երբ որ Նա՝ Ճշմարտության Հոգին, կգա, կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ…» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 16.13):
Երբ Աստված ուղարկում է Իր Սուրբ Հոգուն՝ մարդկանց կյանքում գործելու համար, Նա դատապարտում է մեղքը, ոչ թե մեղավորներին: Աստվածաշնչում հստակ տեսնում ենք անհատների հանդեպ Աստծո սիրո ապացույցը և այն անհերքելի փաստը, որ Նա մշտապես ցանկանում է խրատել և ուսուցանել մարդկանց, որպեսզի կարողանան հետևում թողնել մեղքը և մտնել այն հրաշալի ծրագրի մեջ, որ Աստված ունի յուրաքանչյուրի համար: Մենք պետք է առանց վախենալու թույլ տանք, որ Նա ցույց տա և խոսի մեզ հետ այն ամենի մասին, ինչը սխալ ենք անում մեր կյանքում:
Սուրբ Հոգին ապրում է մեր ներսում: Նրա գործն է առաջնորդել մեզ, սովորեցնել, աջակցել աղոթքում, մխիթարել, հանդիմանել մեղքի համար և օգնել իրականացնելու Աստծո ծրագիրը մեր կյանքում:
Մենք կարող ենք վստահել Սուրբ Հոգուն, որովհետև Նա հստակ գիտի, թե ինչ է անհրաժեշտ անել, և երբ է պետք դա անել: Կարող ենք ասել, որ եթե մենք «կոտրված» ենք, Նա գիտի ինչպես «վերականգնել» մեզ:
Համոզված եմ, որ Սուրբ Հոգին գործում է քո մեջ և համագործակցում է քեզ հետ ճիշտ այնպես, ինչպես յուրաքանչյուրիս հետ: Ես քաջալերում եմ քեզ լիովին հնազանդվել Նրան, որովհետև Նա գիտի, թե ինչ է անում, և կանի դա ճիշտ ձևով: Եթե մարդիկ փորձում են շտկել մեզ կամ ինքներս ենք փորձում մեզ շտկել, հաճախ իրավիճակն ավելի է վատանում, բայց Սուրբ Հոգին առեղծվածային ձևով Իր հրաշքներն է գործում մեր կյանքում: Միշտ չէ, որ կհասկանանք, կամ մեզ դուր կգա այն, ինչ Նա անում է, սակայն վերջնական արդյունքը փառավոր կլինի: Հանգստացի՛ր, վայելի՛ր օրդ և գոհացի՛ր Աստծուց, որ Նա գործում է քո մեջ:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. հանգստացի՛ր և թո՛ւյլ տուր, որ Աստված գործի: