
«Բայց հոգևոր պարգևների համար, եղբայրնե՛ր, չեմ կամենում, որ չգիտենաք» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 12.1):
Քրիստոնեության պատմության ընթացքում շատ բան է գրվել Հոգու պարգևների մասին: Աստվածաշունչը սովորեցնում է Հոգու պարգևների կարևորության մասին և շեշտում, որ մենք չպետք է անտեղյակ լինենք դրանց: Սակայն, չնայած այն տեղեկատվությանը, որ այսօր հասանելի է այս թեմայի շուրջ, շատերը միանգամայն անտեղյակ են այս պարգևներին: Ինքս տարիներ շարունակ հաճախել եմ եկեղեցի ու նույնիսկ մեկ քարոզ կամ ուսմունք չեմ լսել Հոգու պարգևների մասին: Ես չեմ իմացել, որ դրանք կան, ուր մնաց՝ հասանելի լինեն ինձ:
Կան զանազան «պարգևներ» կամ «շնորհներ», ինչպես գրված է Աստվածաշնչի «Ընդլայնված թարգմանությունում», որտեղ նաև ասվում է, որ պարգևները «արտասովոր զորություններ են, որոնցով առանձնանում են որոշ քրիստոնյաներ» (Ա Կորնթացիների 12.4): Պարգևները տարբեր են, բայց բոլորն էլ նույն Սուրբ Հոգուց են: Երբ թույլ ենք տալիս, որ Աստված առաջնորդի մեզ այս պարգևների գործածության մեջ, դրանք զորության նոր հարթություն են ավելացնում մեր կյանքին: Ա Կորնթացիների 12.8-10 խոսքերում պարգևները թվարկված են այսպես. իմաստության խոսք, գիտության խոսք, հավատք, բժշկության պարգևներ, հրաշագործություններ (զորությունների ներգործություններ), մարգարեություն, հոգիների զանազանում (ընտրություն), այլ և այլ լեզուներ և լեզուների թարգմանություն:
Այս բոլորը կարողություններ են, պարգևներ, ձեռքբերումներ, գերբնական զորության շնորհներ, որոնցով հավատացյալը կարողանում է իրականացնել արտասովոր բաներ, և դրանք հասանելի են բոլոր հավատացյալներին: Մենք չենք կարող բռնի ուժով գործի դնել որևէ պարգև: Մենք պետք է նախանձավոր լինենք բոլոր պարգևներին, բայց Սուրբ Հոգին է ընտրում՝ երբ և ում միջոցով դրանք գործեն: Խնդրի՛ր և սպասի՛ր, որ Աստված առաջնորդի քեզ Հոգու պարգևների հարցում:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. հարկ չկա, որ ապրես տկարության մեջ, որովհետև Աստծո զորությունը հասանելի է քեզ այսօր և ամեն օր: