Սպասել Տիրոջը

Սպասել Տիրոջը

«Մեր անձը մտիկ է տալիս Տիրոջը. Նա է մեր օգնությունն ու պահապանը»: ՍԱՂՄՈՍ 33.20

Մեր ակնթարթային և արագընթաց հասարակության մեջ Տիրոջը սպասելու հոգևոր կարգապահությունը հաճախ բացակայում է: Մենք ուզում ենք այն ամենը, ինչ ուզում ենք, և ուզում ենք հենց հիմա: Բայց եթե մշտապես այսպիսի շտապողականության մեջ լինենք, բաց կթողնենք Աստծո հետ մտերիմ փոխհարաբերությունը, որի ձևավորման համար ժամանակ է անհրաժեշտ: Աստված ցանկանում է խոսել մեր սրտի հետ, միայն թե համբերատար լինենք լսելու Նրան:

Եղիան մարդ էր, որը գիտեր համբերատար լինելու գաղտնիքը: Բահաղի մարգարեներին կոտորելուց հետո նա սովորեց մի կարևոր դաս Աստծուն սպասելու վերաբերյալ: Տերը նրան ասաց գնալ և կանգնել սարի վրա ու սպասել: Ուժգին քամի բարձրացավ, այնուհետև հզոր երկրաշարժ եղավ, իսկ հետո՝ կրակ, բայց Տերը դրանցից ոչ մեկի մեջ չէր: Մտածեք, թե ինչ է ասում Գ Թագավորաց 19.12-ը. «…Եվ կրակից հետո մի մեղմ ու բարակ ձայն»: Տերը խոսեց մեղմ, բարակ ձայնով քամուց, երկրաշարժից և կրակից հետո: Եթե Եղիան անհամբեր լիներ աղոթքում, չէր լսի Տիրոջ ձայնը:

Դավիթը նույնպես սովորեց սպասել Տիրոջ տան մեջ և «խորհել, զննել ու հետաքննել Նրա տաճարում» (Սաղմոս 27.4, AMP): Որպեսզի մեր աղոթքն ազդեցիկ լինի, կարող ենք սպասել համբերությամբ և ականջ դնել Նրա Խոսքին: Սպասելը և լսելը այն գործընթացն է, երբ մեր ուշադրությունը մեզնից տեղափոխվում է Նրա վրա, Ով մեր բոլոր կարիքների պատասխանն է:


Հաճախ լռության մեջ է, որ Աստծո զորությունը շարժվում է հզոր կերպով: Թո՛ւյլ տվեք, որ Սուրբ Հոգին սովորեցնի ձեզ, թե ինչպես սպասեք Նրա ներկայության մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon