Սպասի՛ր Աստծուն

Սպասի՛ր Աստծուն

«Հանդարտվի՛ր և հանգստացի՛ր Տիրոջ մեջ. սպասի՛ր Նրան և համբերատար ապավինի՛ր Նրան» (ՍԱՂՄՈՍ 37.7, AMP):

Ամեն օր ես Աստծուց լսելու կարիք ունեմ և ուզում եմ լսել Նրանից ամեն ինչի մասին: Աստծուց լսելու համար մենք պետք է պատրաստ լինենք սպասելու իմաստության և ամեն ինչից առավել փափագենք Աստծո կամքը: Մենք առավել հստակ կլսենք Աստծուց, եթե վճռենք չդիմել գործողությունների՝ հիմնվելով մարմնավոր ցանկությունների կամ զգացմունքների վրա: Մենք օրհնված կլինենք, եթե նախքան որևէ քայլ ձեռնարկելը, սպասենք այնքան, մինչև վստահ լինենք, որ Աստծուց ուղղորդում ունենք: Այնուհետև պիտի անենք այն, ինչ Աստված առաջնորդում է մեզ անելու, նույնիսկ եթե դա դժվար է մեզ համար:

Տարիներ առաջ ես սկսեցի դասական ֆիլմեր հավաքել, որովհետև հեռուստացույցով դիտելու որևէ պարկեշտ բան չկար: Մի օր մեր տանը հայտնվեց մի ամսագիր, որտեղ ներկայացված էր լավ, պարկեշտ ֆիլմերի ցանկ: Կարծես Աստված հնարավորություն էր տվել ինձ առանց որևէ ջանքի համալրել իմ հավաքածուն: Ես ոգևորվեցի և որոշեցի պատվիրել մոտավորապես հիսուն ֆիլմ: Այնուհետև պատվերի թերթիկը մի կողմ դրեցի: Մի քանի օր անց, երբ իմ հույզերն ու խանդավառությունը հանդարտվել էին, կրկին նայեցի այդ թերթիկին և պատվիրեցի ընդամենը երկու ֆիլմ: Սա պարզ օրինակ է, բայց սկզբունքը կիրառելի է կյանքի շատ բնագավառներում:

Երբ գործում ենք միայն խանդավառ հույզերի հիման վրա, հաճախ սխալներ ենք թույլ տալիս: Ես ասում եմ. «Թո՛ղ հույզերը հանդարտվեն, ապա որոշո՛ւմ կայացրեք»: Զարմանալի է, թե գիշերային լիարժեք քունը ինչպիսի դրական ազդեցություն կարող է ունենալ մեր կարծիքի և որոշումների վրա:

Քաջալերում եմ քեզ, որ սովորես սպասել: Հույզերը կսաստկանան և կթուլանան, հուզական էներգիան այնքան անկայուն է, որ հազվադեպ կառաջնորդի մեզ այն նպատակակետը, որ Աստված սահմանել է մեզ համար: Աստված մշտապես կառաջնորդի մեզ լավ վայրեր, եթե պարզապես հետևենք Նրա Խոսքին և իմաստությանը, այլ ոչ թե ապավինենք մեր հույզերին:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մի կո՛ղմ դիր հույզերդ, ապա որոշո՛ւմ կայացրու:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon