
«[Ինչ վերաբերում է Նրա աստվածային բնությանը] սրբության Հոգու կողմից Աստծո Որդի սահմանվեց զորությունով [ցնցող, հաղթական և հրաշք ձևով]՝ մեռելներից հարություն առնելով, նույն ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը (Մեսիան, Օծյալը)» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 1.4):
Այսօրվա խոսքը Սուրբ Հոգուն վկայակոչում է որպես «սրբության Հոգի»: Նա կոչվում է իր անունով, որովհետև Նա Աստծո սրբությունն է, և Նրա գործն է, որ այդ սրբությունը բերի յուրաքանչյուրի մեջ, ով հավատում է Հիսուս Քրիստոսին՝ որպես Փրկչի:
Աստված ուզում է և պատվիրում է, որ սուրբ լինենք (տե՛ս Ա Պետրոս 1.15,16): Նա երբեք չէր պատվիրի մեզ սուրբ լինել, եթե չտրամադրեր այն օգնությունը, որ անհրաժեշտ է դա իրականացնելու համար: Անսուրբ հոգին երբեք չէր կարող սրբացնել մեզ: Ուստի, Աստված Իր Հոգուն ուղարկում է մեր սրտերի մեջ, որպեսզի լիարժեք և հիմնավոր աշխատանք կատարի մեր կյանքում:
Փիլիպեցիների 1.6-ում Պողոսն ասում է, որ Աստված, Ով սկսեց այս բարի գործը մեզանում, կկատարի և ավարտին կհասցնի այն: Սուրբ Հոգին կշարունակի աշխատել մեր մեջ, քանի դեռ ապրում ենք այս երկրագնդի վրա: Աստված ատում է մեղքը և ամեն անգամ, երբ մեր մեջ մեղք է գտնում, անմիջապես աշխատում է մաքրել մեզ:
Միայն այս փաստը բացատրում է, թե ինչու կարիք ունենք, որ Սուրբ Հոգին բնակվի մեր մեջ: Նա մեր կողքին է ոչ միայն մեզ առաջնորդելու և ուղղորդելու համար, այլև անմիջապես համագործակցելու Հոր հետ, որպեսզի հեռացնի մեզնից այն, ինչը տհաճ է Իրեն: Նա և՛ կխոսի մեզ հետ այն բաների վերաբերյալ, որոնք պետք է փոխվեն, որպեսզի կարողանանք աճել սրբության մեջ, և՛ կզորացնի մեզ՝ կատարելու այդ անհրաժեշտ փոփոխությունները:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դու աճում ես սրբության մեջ, որովհետև Սրբության Հոգին ապրում է քո մեջ: