«Երանի այն մարդուն, որ Դու խրատում ես նրան, ով Տեր, և Քո օրենքից սովորեցնում նրան, որ տաս նրան զորություն՝ չարության օրերին իրեն հանգիստ պահելու, մինչև որ հոր փորվի ամբարշտի համար»: —Սաղմոս 94.12-13, AMP
Երբ կյանքը կամ մարդիկ հիասթափեցնում են մեզ, մենք ունենք պատասխանատվություն հաստատուն լինելու և շարունակելու հավատարիմ մնալ այն նպատակին, որ Աստված ունի մեր կյանքի համար:
Խորհի՛ր Սաղմոս 94-ի 12-րդ և 13-րդ խոսքերի շուրջ: Ուշադրություն դարձրո՛ւ, որ այն չի ասում, որ Աստված մեզ հանգիստ կպահի: Այն ասում է, որ Աստված կտա մեզ զորություն՝ ինքներս մեզ հանգիստ պահելու համար: Մենք գործընկերներ ենք Աստծո հետ: Նրա գործն է մեզ կարողություն տալ, իսկ մերը՝ պատասխանատու լինել և գործածել այդ կարողությունը:
Պատասխանատվություն նշանակում է «պատասխանել կամ արձագանքել այն կարողությանը, որ ունենք»: Անպատասխանատու մարդը ցանկանում է, որ Աստված անի ամեն ինչ, իսկ ինքը, բացի իր զգացմունքներին հետևելուց, ոչինչ չանի: Բայց թույլ մի՛ տուր, որ քո զգացմունքները գլուխ բարձրացնեն: Հենց հիմա բարձրաձայն հռչակի՛ր. «Ես մասնակցեցի իմ վերջին խղճահարության երեկոյին»: Ես կարող եմ խոստանալ քեզ, որ եթե պատասխանատվություն վերցնես, վերջում քեզ շատ ավելի լավ կզգաս, քան եթե խուսափես դրանից:
Աստված հոգ է տանում քեզ համար, սակայն Նա չի անի քո գործը: Նա քեզ կարողություն կտա դա անելու համար, սակայն թո՛ւյլ տուր ընդգծել, Նա չի անի դա քո փոխարեն: Ես քեզ կոչ եմ անում հաստատ կանգնել, պատասխանատվություն վերցնել ու սկսել աշխատել Աստծո հետ, որպեսզի ունենաս այն օրհնված կյանքը, որ Նա ծրագրել է քեզ համար:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, Քո Խոսքն ասում է, որ Դու տվել ես ինձ կարողություն՝ հանգիստ մնալու: Ես ընդունում եմ դա այսօր: Ես թույլ չեմ տա, որ իմ զգացմունքները ղեկավարեն իմ կյանքը, ու ես պատասխանատու կլինեմ և կարձագանքեմ այնպես, ինչպես Դու ես կամենում: