«Եվ Եհովան գլուխ կանի քեզ, և ոչ թե ագի. դու միշտ բարձրում կլինես, և ցածում չես լինի, եթե քո Եհովա Աստծո պատվիրանքներին լսես, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ, որ պահես և կատարես»: — Երկրորդ Օրինաց 28.13
Ես իմ կյանքում մի քանի խոշոր հաղթանակներ եմ ունեցել: Աստված ինձ ազատել է բազմաթիվ հին մեղքերից, կապանքներից ու սովորություններից: Ազատության հուզմունքը, որ ես վերապրել եմ, միանգամայն զարմանահրաշ է, և Աստված ցանկանում է, որ բոլորս վերապրենք այն:
Ես դեռևս ունեմ պատերազմներ, որ պիտի հաղթեմ և արգելքներ, որ պիտի հաղթահարեմ, ու համոզված եմ, որ նույն վիճակում նաև դու ես: Ես քաջալերում եմ քեզ ընտրել մեկ բան, որի վրա կցանկանայիր աշխատել այսօր:
Ապա՝ սկսի՛ր տեսնել քեզ այն հաղթանակի մեջ ապրելիս, որը կարող ես ունենալ Քրիստոսով: Մտածի՛ր, թե ինչպիսին կլինի քո կյանքը, երբ ազատ լինես:
Ես օգտագործում եմ Երկրորդ Օրինաց 28.13-ը՝ որպես խթան: Հորդորում եմ քեզ կարդալ ամբողջ գլուխը: Այն հիմնականում ասում է, որ եթե դու հնազանդվես Աստծուն, Նա կօրհնի քեզ, իսկ եթե չհնազանդվես, կանիծվես: Դա հզոր խթան է, համաձայն չե՞ս:
Ինձ դուր է գալիս աշխատել Աստծո հետ և հաղթանակներ ունենալ՝ թույլ չտալով թշնամուն ղեկավարել ինձ: Իրականում, իմ կարծիքով կյանքի ամենահետաքրքիր ճանապարհորդությունն այն է, երբ ասում ենք. «Աստվա՛ծ, ես ուզում եմ փոխվել: Ես ուզում եմ հաճեցնել Քեզ»:
Երբ ունենում ենք մտքի այդպիսի շրջանակ, կարող ենք ազատվել մի բանից և անցնել մյուս բանին, ապա՝ մյուսին, ու շատ շուտով կսկսենք գիտակցել, որ քայլում ենք այն իշխանությամբ, որ ունենք Քրիստոսում:
Մի՛ ապրիր քո կյանքն առանց աճի և փոփոխության հրճվանքի, հակառակ դեպքում բաց կթողնես այն բարի բաները, որ Աստված կարող է անել քո միջոցով:
Ժամանակ տրամադրիր՝ պատկերացնելու, թե ինչպիսի անձնավորություն ես ուզում լինել, ու սկսի՛ր հետամուտ լինել Աստծո ազատությանը: Որովհետև օր-օրի դու և Աստված կարող եք անել ցանկացած բան:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես հավատում եմ, որ կարող եմ վերապրել Քո ազատությունը: Այսօր ես տեսնում եմ ինձ՝ որպես ազատ անձնավորություն Քո մեջ: Զորացրո՛ւ ինձ, որպեսզի կյանքս անցկացնեմ՝ Քեզ հաճեցնելով և քայլելով այն իշխանությամբ, որ տվել ես ինձ: