«Եվ իմ խոսքը և քարոզությունը ոչ թե մարդկային իմաստության պատիր խոսքերով եղավ, այլ Հոգու և զորության ապացույցով. որ ձեր հավատքը մարդկանց իմաստությունով չլինի, այլ՝ Աստծո զորությունով» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 2.4,5):
Կրթությունը կարևոր է, բայց պետք է միշտ հիշենք, որ Աստծո իմաստությունն ավելի լավ և ավելի արժեքավոր է, քան աշխարհիկ կրթությունը և մարդկային փիլիսոփայությունը: Պողոս առաքյալը կրթված անձնավորություն էր, բայց նա հաստատում էր, որ ոչ թե իր կրթությունը, այլ Աստծո զորությունն էր արժեքավոր դարձնում իր քարոզությունը:
Ես ճանաչում եմ շատերին, ովքեր գերազանց ավարտել են քոլեջը և նույնիսկ գիտական աստիճաններ ստացել, բայց դժվարանում են աշխատանք գտնել: Ճանաչում եմ նաև մարդկանց, որոնք հնարավորություն չեն ունեցել սովորելու քոլեջում, բայց ապավինում են Աստծո բարեհաճությանը և մեծ հաջողություններ ունենում աշխատանքում: Որտե՞ղ է քո վստահությունը. Աստծո մե՞ջ, թե՞ քո գիտեցածի: Անկախ նրանից, թե ինչ գիտենք կամ ում ենք ճանաչում, մեր վստահությունը պիտի ուղղված լինի միմիայն Քրիստոսին և Նրա զորությանը:
Կորնթացիների Առաջին թղթի 1.21-ում Պողոսը նշում է, որ աշխարհն ամբողջ մարդկային իմաստությամբ և փիլիսոփայությամբ չկարողացավ ճանաչել Աստծուն, բայց Աստված հայտնեց Իրեն և փրկեց մարդկությանը քարոզության հիմարությունով: Ցավոք, հաճախ տեսնում ենք, որ որքան կրթված է մարդը, այնքան դժվարանում է պարզ, մանկական հավատք ունենալ: Զգույշ լինենք, որ մեր գիտելիքները և դատողությունը չխանգարեն մեզ, որովհետև մենք կարող ենք ճանաչել Աստծուն միայն Հոգով ու սրտով և ոչ բանականությամբ: Այնպե՛ս արա, որ հավատքդ հիմնվի ոչ թե մարդկային փիլիսոփայության, այլ Աստծո զորության վրա, միայն այդ դեպքում այն կօգնի քեզ կյանքի բոլոր բնագավառներում:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստծո զորությունը կարող է հաղթահարել ցանկացած արգելք, որին կբախվես կյանքում: