
«Ձեր բոլոր հոգսը (բոլոր անհանգստությունները, մտահոգությունները մեկընդմիշտ) Նրա վրա գցե՛ք, որովհետև Նա սիրով հոգ է տանում ձեզ համար և աչալրջորեն հետաքրքրված է ձեզանով»: —Ա Պետրոս 5.7, AMP
Հին ասացվածքն ասում է. «Լսի՛ր սրտիդ»: Սա եղել և մնում է կյանքի դաս, որը լավ կլինի, որ բոլորս հիշենք: Երբ մենք փոխում ենք այն ուղղությունը, որին մեր սիրտը խորհուրդ է տալիս հետևել, կարող ենք շատ դժվարացնել մեր կյանքը:
Ես չեմ խոսում եսասիրական ցանկությունների մասին: Ես խոսում եմ այն ցանկություններին հետևելու մասին, որոնք Աստված դնում է քո սրտում: Ի՞նչ ես ուզում կյանքից: Քո համոզմամբ ո՞րն է Աստծո կամքը քեզ համար: Դու հետևո՞ւմ ես դրան:
Որոշ մարդիկ ունեն չափից շատ հոգսեր և անհանգստություններ, որոնք ետ են պահում նրանց քայլ անելուց և իրենց սրտում եղածին հետևելուց: Նրանք որոշել են, որ դա իրենց հասանելի չէ:
Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է մեր բոլոր հոգսերը գցենք Աստծո վրա, որովհետև Նա հոգ է տանում մեզ համար: Ցանկացած անհանգստություն, որը քեզ ետ է պահում քո սրտին հետևելուց, պիտի տաս Աստծուն և թույլ տաս, որ Նա հոգ տանի այդ մասին:
Նա ցանկանում է, որ դու հետևես այն ցանկությանը, որ Նա դրել է քո մեջ: Թող Աստված հոգ տանի քո բոլոր հոգսերի մասին, իսկ դու հետևի՛ր քո սրտին: Դու կարող ես վստահել Նրան: Նա հոգ է տանում քեզ համար:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, երբեմն անհանգստությունների ու հոգսերի պատճառով ես չեմ հետևում այն բանին, ինչ Դու դրել ես իմ սրտում, ուստի այսօր ես դրանք տալիս եմ Քեզ: Ես գիտեմ, որ Դու կարող ես լուծել դրանց հարցը և ցանկանում ես, որ ես լինեմ ազատ՝ իմ սրտին հետևելու համար: