«Որ Նա կշտացնում է կարոտած անձին և լցնում է սոված անձը բարությունով» (ՍԱՂՄՈՍ 107.9):
Երբ քաղցած ենք, մեծ ջանքեր ենք գործադրում կերակուր ձեռք բերելու համար: Մտածում ենք կերակուրի մասին, խոսում դրա մասին, խանութից մթերք գնում և խնամքով կերակուր պատրաստում: Կարծում եմ՝ նույնկերպ պետք է վարվենք, եթե փափագում ենք ավելի մտերիմ լինել Աստծո հետ: Աստված ասաց, որ պիտի փնտրենք Իրեն մեր ամբողջ սրտով, ջանասիրաբար, խանդավառութամբ, ջերմեռանդությամբ և ամենայն լրջությամբ:
Ամեն շաբաթ մենք բավականաչափ ժամանակ ենք հատկացնում ֆիզիկական կերակուրին, իսկ որքա՞ն ժամանակ ենք հատկացնում հոգևոր կերակուրին: Ես հաշվարկել եմ, որ մեզնից շատերը շաբաթական ամենաքիչը տասնչորս ժամ են անցկացնում ֆիզիկական կերակուր փնտրելու, պատրաստելու և ուտելու համար: Մենք պետք է ազնվորեն ինքներս մեզ հարցնենք, թե որքան ժամանակ ենք անցկացնում Աստծուն փնտրելու և Նրան ճանաչելու համար: Աստծո հետ մտերիմ լինելու աստիճանը կախված է նրանից, թե որքան ժամանակ ենք պատրաստ ներդնելու Նրա հետ մեր փոխհարաբերության զարգացման մեջ: Ժամանակն արժեքավոր է բոլորիս համար, և այն պետք է օգտագործել ամենակարևոր բաների վրա: Դու կարող ես վատնել կամ ներդնել քո ժամանակը. քո՛ ընտրությունն է: Այն, ինչ վատնում ենք, կորցնում ենք, բայց այն, ինչ ներդնում ենք, շահաբաժնով ետ ենք ստանում:
Վճռականորեն խորհուրդ եմ տալիս, որ Աստծուն փնտրելուն հատկացնես առնվազն այնքան ժամանակ, որքան՝ ֆիզիկական կերակուր փնտրելուն, և դու շուտով կլցվես Նրա իմաստությամբ ու ներկայությամբ: Երբ Աստված լցնի քո անձն Իրենով, կգտնես այնպիսի բավականություն, որ երբևէ չես ունեցել:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. միայն Աստված է կշտացնում քաղցած անձին, այնպես որ՝ հատկացրո՛ւ Նրան առաջին տեղը քո ժամանակացույցում: