«Եվ ոմանք եկան ու Հովսափատին պատմեցին և ասացին. «Քեզ վրա մեծ բազմություն է գալիս …»: Եվ Հովսափատը վախեցավ և երեսն ուղղեց Տիրոջը խնդրելու և ծոմապահություն քարոզեց ամբողջ Հուդայի մեջ» (Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20.2,3):
Երբ Հովսափատ թագավորը կարիք ուներ լսելու Աստծուց, նա ծոմ հռչակեց Հուդայի ամբողջ թագավորությունում: Ամբողջ ժողովուրդը հավաքվեց՝ ի սրտե փնտրելու Տիրոջը և խնդրելու Նրա օգնությունը:
Հովսափատը ծոմ հռչակեց, որպեսզի ցույց տար իր անկեղծությունն Աստծո հանդեպ և հայտներ, որ ինքն Աստծո կարիքն ուներ: Եթե կարիք ունես լսելու Աստծուց, մտածի՛ր որոշ ժամանակով կերակուրից հրաժարվելու և այդ ընթացքում Աստծուն փնտրելու մասին: Հեռուստացույցն անջատելը և Աստծո հետ ժամանակ անցկացնելը նույնպես վատ գաղափար չէ, վատ չէ նաև մի քանի երեկո տանը մնալը և Աստծուն փնտրելը՝ ընկերների հետ հանդիպելու և նրանցից խորհուրդ ու կարծիք հարցնելու փոխարեն: Այսպիսի գործողություններն ապացուցում են, որ դու իսկապես հասկանում ես Աստծուց լսելու կարևորությունը:
Որոշ մարդիկ անկեղծորեն փնտրում են Աստծուն միայն այն ժամանակ, երբ անախորժության մեջ են, բայց մենք մշտապես պետք է փնտրենք Նրան: Մի անգամ Աստված ինձ հասկացրեց, որ մարդիկ շատ խնդիրներ ունեն, որովհետև փնտրում են Իրեն միայն այն ժամանակ, երբ հայտնվում են անախորժության մեջ: Նա ցույց տվեց, որ եթե ոմանց խնդիրները հեռացներ, ապա նրանք ընդհանրապես չէին փնտրի Իրեն: Նա ասաց. «Փնտրի՛ր Ինձ այնպես, կարծես մշտապես հուսահատության մեջ ես, և այդ ժամանակ այդքան հաճախ չես հայտնվի հուսահատության մեջ»: Կարծում եմ, սա լավ խորհուրդ է, և ես քաջալերում եմ քեզ ամեն օր հետևել այս խորհրդին:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. մի՛ սպասիր, մինչև անախորժության մեջ հայտնվես, ապա փնտրես Աստծուն. փնտրի՛ր Նրան ամեն ժամանակ: