Փոխի՛ր քո մտածելակերպը

Փոխի՛ր քո մտածելակերպը

«Թող Աստված փոխակերպի ձեզ նոր մարդու՝ փոխելով ձեր մտածելակերպը: Այն ժամանակ դուք կսովորեք ճանաչել Աստծո կամքը ձեզ համար, որը բարի է, հաճելի և կատարյալ»: — Հռոմեացիների 12.2, NLT

Երբևէ լսե՞լ ես այս ասացվածքը. «Սարսափելի բան է միտքը վատնելը»: Մեր միտքն այնքան շատ կարողություն ունի բարիք գործելու՝ սովորելու, ստեղծելու, մտածելու և աճելու համար, և ողբերգություն է, երբ չենք օգտագործում այն իր ամենաբարձր ներուժի չափով:

Իմ կյանքում կար ժամանակ, երբ ես թույլ էի տալիս, որ չափից շատ վնասակար՝ բացասական, տանջող, մեղավոր, չներող, ամոթալի և մեղադրող, մտքեր ներխուժեին իմ գիտակցության մեջ: Խնդիրն այն էր, որ ես գաղափար չունեի, որ կարող էի վերահսկել իմ մտքերը կամ ընտրել, թե որ մտքերի վրա կենտրոնանայի և որ մտքերին հավատայի:

Ես չէի գիտակցում, որ եթե մտածում էի որևէ բան, որը ճշմարտություն չէր, ես ունեի զորություն կանգնեցնելու այն: Ոչ ոք երբևէ ինձ չէր ասել, որ ես կարող էի ընտրել, թե ինչի մասին մտածեմ: Որևէ մեկը քեզ ասե՞լ է այդ մասին: Եթե ոչ, ուրեմն ես այստեղ եմ, որպեսզի այսօր քեզ ասեմ, որ հարկ չկա թույլ տալու, որ քո մտքերը վերահսկեն քեզ: Դու կարող ես ընտրել մտածել և կենտրոնանալ Աստծո մտքերի վրա:

Հռոմեացիների 12.2-ն ասում է. «Թող Աստված փոխակերպի ձեզ նոր մարդու՝ փոխելով ձեր մտածելակերպը… »: Աստված ցանկանում է օգնել քեզ հաղթելու քո մտքում տեղի ունեցող պայքարը: Բայց ինչպե՞ս է դա իրականանում գործնականում:

Ահա այն, ինչը անթիվ անգամներ գործել է ինձ համար և գիտեմ, որ կգործի նաև քեզ համար: Հաջորդ անգամ, երբ մտքում գոտեմարտելիս լինես, ուզում եմ, որ կանգ առնես ու գտնես առանձնահատուկ բան, որի համար կարող ես գոհանալ Աստծուց: Ասա՛ Նրան, թե որքան շնորհակալ ես Նրա բարության և այն բոլոր առատ միջոցների համար, որոնցով Նա օրհնել է քո կյանքը: Երբ ջանասիրաբար անես դա, կտեսնես, որ քո կյանքը սկսում է փոխվել, և ամեն բան բարելավվում է:

Ես հույս ունեմ և աղոթում եմ, որ դու ճանաչես այն զորությունը, որ Աստված տվել է քեզ, և ամեն օր հիշես, որ քայլում ես այն սիրո առատության մեջ, որ Նա տածում է քո հանդեպ:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ուզում եմ վերապրել Քո զորությունը իմ մտավոր կյանքում: Ես ընտրում եմ կենտրոնանալ իմ հանդեպ Քո բարության և սիրո վրա: Ինչպիսի բացասական միտք էլ մոտենա ինձ, ես գիտեմ, որ Դու շատ ավելի մեծ ես ու ավելի լավը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon