«Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեզ վրա, որ կյանքը և մահը, օրհնությունը և անեծքը ձեր առաջ դրի. ուրեմն կյանքը ընտրիր որ ապրես՝ դու և քո սերունդը»: — Երկրորդ Օրինաց 30.19
Ես սկսել եմ ծխել ինը տարեկանից: Ինձ դա դուր էր գալիս, որովհետև ծխելը հանգստացնում էր ինձ, և երկար ժամանակ ես չէի ցանկանում թողնել այն: Երբ իմացա, որ պետք է հրաժարվեմ դրանից, ես չէի ցանկանում դա անել, որովհետև կարծում էի, որ քաշս կավելացնեմ: Դա իմ պատճառաբանությունն էր տարիներ շարունակ: Հետո մտա այն շղթայի մեջ, որտեղ մեկ հրաժարվում էի դրանից, մեկ նորից սկսում, մեկ հրաժարվում, ապա՝ նորից սկսում:
Սակայն ես հասա իմ ճգնաժամային կետին այն ժամանակ, երբ ծխելու ցանկությունն այնքան մեծ էր, որ ես աննկատ դուրս էի գալիս եկեղեցուց, որպեսզի հենվեի մեքենայի նստարանին ու ծխեի: Այդ ժամանակ էր, որ հասկացա, որ ես փոխվելու կարիք ունեմ:
Սովորաբար գալիս է մի ճգնաժամային պահ, երբ մեզանից շատերն իսկապես կամենում են փոխվել: Օրինակ, երբեմն հարկ է լինում, որ մարդ սրտի կաթված ստանա, որպեսզի սկսի ճիշտ ուտել: Սակայն հարկ չկա, որ դու սպասես քո ճգնաժամային կետին: Դու պարզապես կարող ես որոշում կայացնել և ասել. «Վե՛րջ: Ես պետք է լուծեմ սրա հարցերը»:
Աստվածաշունչն ասում է, որ մենք կարող ենք ընտրել կյանքը: Աստված քեզ կարողություն է տվել փոխվելու համար, սակայն դու պետք է հոժարակամ լինես, հակառակ դեպքում քո ճգնաժամային կետը արագ և ծանր հարված կհասցնի քեզ: Շատ ավելի հեշտ է ընտրել կյանքը նախքան այդ կետին հասնելը:
Մի՛ վախեցիր որոշ ժամանակ մի փոքր անհարմար զգալուց: Ես ի վերջո ազատագրվեցի ծխելուց, և դա հեշտ չէր…սակայն ես ստիպված չէի դա միայնակ անել:
Եթե դու չես կարծում, որ պատրաստ ես փոխվելու, պարզապես տար քո խնդիրն Աստծո մոտ և ասա. «Օգնի՛ր ինձ, օգնի՛ր ինձ, օգնի՛ր ինձ»:
Բարի լուրն այն է, որ Աստծո օգնությամբ և կյանքն ընտրելու քո որոշմամբ դու կարող ես իսկապես, մշտապես փոխվել դեպի լավը:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, Դու ինձ տվել ես ընտրություն, և ես ընտրում եմ կյանքը: Ես գիտեմ, որ փոփոխությունը դժվար է, սակայն ես խնդրում եմ, որ օգնես ինձ: Քո օգնությամբ և փոխվելու իմ պատրաստակամությամբ ես կարող եմ հաղթահարել ցանկացած խոչընդոտ: