«Բայց մենք ամենս՝ բաց երեսով, Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով՝ նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուց»: Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 3.18
Ես ցանկանում եմ աճել և փոփոխություն տեսնել, համոզված եմ՝ դուք նույնպես: Ուզում եմ տեսնել փոփոխություն իմ վարքագծում: Ուզում եմ տեսնել կանոնավոր առաջընթաց: Օրինակ, ուզում եմ ավելի շատ կայունություն, ուզում եմ քայլել սիրո ավելի մեծ չափաբաժնի և Հոգու մյուս պտուղների մեջ: Ուզում եմ սիրալիր և բարի լինել ուրիշների հանդեպ, նույնիսկ այն ժամանակ, երբ լավ չեմ զգում կամ առանձնապես լավ օր չեմ անցկացնում: Ուզում եմ ցուցաբերել Հիսուս Քրիստոսի բնավորությունը նաև այն ժամանակ, երբ ինչ-որ բաներ հակառակ են ինձ, և իրավիճակներն այնպիսին չեն, ինչպիսին կցանկանայի:
Մեր ներսում բնակվող Սուրբ Հոգու զորությամբ մենք կարող ենք լինել ուրախ, սիրալիր և բարի նույնիսկ այն ժամանակ, երբ իրավիճակները չեն ընթանում մեր ուզած կերպով: Մենք կարող ենք հանդարտ մնալ, երբ մեր շուրջը խառնաշփոթ է, երբ ամեն բան կարծես դուրս է եկել մեր դեմ, որպեսզի ստիպի մեզ կորցնել մեր համբերությունը և լցվել բարկությամբ ու վրդովմունքով:
Վերջապես ես հասկացա, որ Աստված փոխում է ինձ Իր շնորհքի միջոցով, այլ ոչ թե ինքս ինձ փոխելու իմ ջանքերի միջոցով: Տարիներ շարունակ տառապել եմ ինքս ինձ հետ գոտեմարտելով, մինչև որ հայտնաբերեցի Աստծո զորությունը, որը քիչ-քիչ փոխում է ինձ ներսից: