«Առավոտյան լսե՛լ տուր ինձ Քո ողորմությունը, որ Քեզ եմ հուսացել. ինձ ցո՛ւյց տուր այն ճանապարհը, որ պիտի գնամ նրանում, որովհետև դեպի Քեզ եմ բարձրացնում իմ անձը» (ՍԱՂՄՈՍ 143.8):
Փոքր բաներում Աստծուն լսելու միջոցով ես սովորել եմ վստահել Նրան և լսել Նրա ձայնը խոշոր իրադարձություններում ու կարևոր որոշումներում: Մի անգամ Դեյվն ու ես ընտանիքի անդամների հետ պատրաստվեցինք ֆիլմ դիտել, բայց հեռակառավարման վահանակը ոչ մի կերպ չէինք գտնում: Մենք չգիտեինք ինչպես դիտել ֆիլմը՝ առանց հեռակառավարման վահանակի, ուստի բոլորս ջանասիրաբար փնտրում էինք:
Ի վերջո, ես որոշեցի աղոթել: Սրտումս ասացի. «Սո՛ւրբ Հոգի, խնդրո՛ւմ եմ, ցո՛ւյց տուր՝ որտեղ է հեռակառավարման վահանակը»: Եվ անմիջապես մտաբերեցի լոգասենյակը, որտեղից էլ գտանք այն:
Նույնը պատահեց ինձ հետ, երբ կորցրել էի մեքենայի բանալիները: Ես փնտրել էի ամենուրեք, բայց՝ ապարդյուն: Հետո աղոթեցի և հոգումս տեսա, որ բանալիները մեքենայի առջևի նստարանին էին: Այդպես էլ իրականում կար:
Այս երկու պատմությունները Սուրբ Հոգու «գիտության խոսք» կոչվող պարգևի օրինակներ են (Ա Կորնթացիների 12.28): Աստված ինձ գիտության խոսք տվեց հեռակառավարման վահանակի և սխալ տեղում դրված բանալիների մասին: Այս և մյուս պարգևները հասանելի են նրանց, ովքեր լցված են Սուրբ Հոգով: Պարգևները զորության գերբնական շնորհներն են՝ տրված հավատացյալներին՝ ֆիզիկական կյանքը գերբնականորեն ապրելու համար:
Աստված սիրում է մեզ: Նա այնքան է հոգում մեզ համար, որ խոսում է մեզ հետ փոքր բաների մասին (իմ պարագայում Նա խոսեց հեռակառավարման վահանակի մասին միտք և ավտոմեքենայի բանալիների վերաբերյալ տեսիլք տալու միջոցով): Պարզապես մտածի՛ր, թե որքան սիրով Նա կխոսի մեզ հետ նաև մեծ բաների մասին:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. հիշի՛ր, Աստված այնքան է հոգում քեզ համար, որ ցանկանում է քեզ հետ խոսել նույնիսկ փոքր բաների մասին: