Քեզ զորացնող Քրիստոսով

«Քրիստոսում, Ով զորացնում է ինձ, ես ունեմ ուժ ամեն բանի համար (Ես պատրաստ եմ ամեն ինչի և հավասարազոր եմ ամեն բանի Նրա միջոցով, Ով իմ մեջ ներարկում է ներքին ուժ. ես բավարարված եմ Քրիստոսի բավականությամբ): — Փիլիպեցիների 4.13, AMP

Փիլիպեցիների 4.13-ը շատ հանրաճանաչ սուրբգրային խոսք է, որը հաճախ համատեքստից դուրս է մեջբերվում: Այն ասում է. «Ես կարող եմ ամեն բան անել ինձ զորացնող Քրիստոսով»: Դա չի նշանակում, որ դու կարող ես անել ցանկացած բան, ինչ կորոշես և կցանկանաս: Պողոսը մասնավորապես խոսում էր այն մասին, թե ինչպես նա կարող էր Քրիստոսի զորությամբ գոհունակ լինել՝ անկախ իր հանգամանքներից:

Ես նույնպես հավատում եմ, որ Աստծո շնորհքով մենք կարող ենք անել այն ամենը, ինչ կարիք ունենք կյանքում անելու: Ես կարծում եմ, որ դա մտածելակերպ է, որը պետք է բոլորս ունենանք: Եթե վստահում ես Աստծուն, ապա չկա մի բան, որը չափազանց մեծ է քեզ համար: Դու կարող ես գլուխ հանել ցանկացած բանից, ինչ կհանդիպի քո ճանապարհին, որովհետև Աստված խոստանում է, որ մեր ուսերին չի դնի ավելին, քան կարող ենք տանել և հաղթահարել:

Այնպես որ պահպանի՛ր դրական վերաբերմունք՝ անկախ այն բանից, թե որտեղ ես հենց հիմա, և ինչ է կատարվում քո կյանքում: Զորացի՛ր, Աստված քո կողմից է: Դադարի՛ր անհանգստանալ այն բաների համար, որոնց կապակցությամբ ոչինչ չես կարող անել:

Աստված կամենում է, որ դու իմանաս, որ Նա անհատական ծրագիր ունի քո կյանքի համար և ցանկանում է, որ դու ընդունես Նրա յուրահատուկ ծրագիրը ու չհամեմատես այն մեկ ուրիշի ծրագրի հետ: Դու պետք է վստահես, որ Աստված քեզնից լավ գիտի քո կարիքների և քո կարողությունների մասին: Ի վերջո՝ Նա քեզ ավելի լավ է ճանաչում, քան դու՝ ինքդ քեզ:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ինչպես Պողոսը, ես նույնպես ցանկանում եմ, որ իմ բավականությունը գա Քեզանից, ոչ թե իմ հանգամանքներից: Ամեն օր ցո՛ւյց տուր ինձ, որ Քո ծրագիրն ինձ համար կատարյալ է, և ես անհանգստանալու կարիք չունեմ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon