«Մնացե՛ք Ինձանում, և Ես՝ ձեզանում. ինչպես որ ճյուղն իր անձից չի կարող պտուղ բերել, եթե որթում չմնա, այսպես ոչ էլ դուք, եթե Ինձանում չմնաք» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 15.4):
Որքան զարգացնում ենք մեր փոխհարաբերությունն Աստծո հետ, այնքան ավելի ոգևորվում ենք և խանդավառվում, ու դա լավ է: Սակայն, մենք պետք է ցույց տանք մարդկանց ավելին, քան մեր խանդավառությունն է. նրանք պետք է տեսնեն իրական փոփոխություններ և բարի պտուղներ:
Պողոսն ասաց, որ մեր կյանքը պիտի լինի նամակ, թուղթ, որ մարդիկ կարող են կարդալ (տե՛ս Բ Կորնթացիների 3.3): Այլ կերպ ասած՝ մեր վարքագիծն ավելի լավ է խոսում, քան՝ բառերը կամ հույզերը: Տարիների ընթացքում ես հայտնաբերել եմ, որ խանդավառությունն ու նախանձախնդրությունը պետք է միախառնվեն համբերությանը, բարությանը, քաղցրությանը, լավ վարքագծին և մարդկանց օգնելու պատրաստակամությանը: Մեր արարքներն իսկապես ավելի լավ են խոսում, քան մեր բառերը: Անշուշտ, մենք պետք է պատմենք մարդկանց Հիսուսի մասին, որովհետև ճիշտ ժամանակին ասված խոսքերը կարող են շատ օգտակար լինել, բայց ճշմարիտ քրիստոնյաները ճանաչվում են իրենց պտղից:
Որքան շատ ժամանակ անցկացնես Աստծո հետ, այնքան շատ պտուղներ ի հայտ կգան այդ փոխհարաբերությունից: Բարի պտուղն է, որ փառավորում է Աստծուն, և բարի պտուղն է, որ ամենից բարձր է խոսում մարդկանց հետ: Ես ճանաչում եմ մարդկանց, որոնց փորձում էի խոսքով համոզել, որ փոխվել եմ, բայց նրանք այդպես էլ չէին համոզվում: Տարիներ անց, երբ նրանք օգնության կարիք ունեին, և ես օգնեցի նրանց, միայն այդ ժամանակ հասկացան, որ Աստված իսկապես աշխատել էր իմ կյանքում: Շատ դժվար է վիճարկել բարի պտուղները, որովհետև դրանք ապացուցում են, որ մենք այն ենք, ինչ ասում ենք: Քաջալերո՛ւմ եմ, որ ուշադիր լինես, թե ինչպես ես վարվում մարդկանց հետ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. նախքան այս օրը կավարտվի, ամենայն հավանականությամբ, կհանդիպես շատ մարդկանց։ Այնպե՛ս արա, որ քո հեռանալուց հետո նրանք ժպտան: