«Բայց այս գանձն [Ավետարանի աստվածային լույսը] ունենք հողե [փխրուն, մարդկային] անոթներում, որ զորության գերազանցությունը Աստծունը լինի, և ոչ թե մեզնից» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 4.7):
Ամեն ինչից առավել ուզում եմ հստակ լսել Աստծո ձայնը և մշտապես վերապրել Նրա ներկայությունը: Ես հավատում եմ, որ դու կարդում ես այս գիրքը, որովհետև դա նաև քո ցանկությունն է: Ես գրել եմ, որ տարիներ շարունակ հավատացել եմ Հիսուս Քրիստոսին՝ որպես իմ Փրկչի, բայց չեմ ունեցել մտերիմ հարաբերություն Աստծո հետ: Ինձ թվում էր, թե շարունակ փորձում էի մոտենալ Նրան, բայց այդպես էլ չէի հասնում: Մի օր, երբ հայելու առջև սանրում էի մազերս, Նրան մի պարզ հարց տվի. «Աստվա՛ծ, ինչո՞ւ է ինձ շարունակ թվում, թե փնտրում եմ Քեզ ու չեմ գտնում»: Սրտումս իսկույն լսեցի այս խոսքերը. «Ջո՛յս, դու փորձում ես փնտրել Ինձ դրսում, իսկ քեզ անհրաժեշտ է փնտրել ներսում»: Թո՛ւյլ տուր բացատրել. Աստված ասում է, որ Ինքը բնակվում է մեր մեջ, բայց ոմանց համար դժվար է հասկանալ այս ճշմարտությունը: Այսօրվա խոսքը բացատրում է, որ Աստծո ներկայության գանձը մեր ներսում է, բայց շատերը, որոնք հավատում են Հիսուսին, երբեք չեն վերապրում Նրա ներկայության կամ Նրա հետ մշտական հաղորդակցության ուրախությունը:
Ես աշխատում էի հասնել Աստծուն, բայց ճշմարտությունն այն էր, որ Իր շնորհքով ու ողորմությամբ Նա էր եկել ինձ մոտ և բնակություն հաստատել իմ ներսում: Նույնը վերաբերում է քեզ՝ որպես Աստծո զավակի: Նա քեզ հետ է ամեն ժամանակ, ու Նա է քո զորությունը, խաղաղությունը, ուրախությունն ու օգնությունը: Նա ուզում է խոսել քեզ հետ, այնպես որ, սկսի՛ր լսել քո սրտում, և կհայտնաբերես, որ Նա ավելի մոտ է, քան կարծում ես:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մի՛ փնտրիր Աստծուն դրսում, փնտրի՛ր ներսում: