
«Ո՛վ Աստված, Դո՛ւ ես իմ Աստվածը. առավոտվանից Քեզ եմ ման գալիս. հոգիս ծարավ է Քեզ. մարմինս Քեզ է ցանկանում ցամաք և ծարավ երկրում, ուր որ ջուր չկա»: ՍԱՂՄՈՍ 63.1
Աստված սիրում է, երբ ամեն օր ժամանակ եք անցկացնում Իր հետ հաղորդակցության մեջ և երկրպագում Իրեն: Այս ժամանակ է, որ փոխվում է ձեր տեսանկյունը կյանքի վերաբերյալ, ձեռք եք բերում անհրաժեշտ ուժ պայքարելու համար և ավելի եք մոտենում Աստծուն:
Հաճախ Աստծո հետ մեր ամենամտերիմ պահերին է, որ Նա ամենախոր աշխատանքն է իրականացնում մեր սրտում: Այս մտերմիկ ժամանակը, որ անցկացնում եք Աստծո հետ՝ պարզապես սիրելով Նրան և թույլ տալով, որ Նա սիրի ձեզ, կնպաստի ձեր աճին և իրական հոգևոր կերպարանափոխմանը:
Կյանքը մեզ զբաղված է պահում, և միշտ կլինեն պատճառաբանություններ Աստծո հետ ժամանակ չանցկացնելու համար: Միշտ կլինեն առաջադրանքներ, որ պետք է կատարվեն, հեռախոսազանգեր, որ պետք է արվեն, խառնաշփոթություններ, որ պետք է պարզվեն և այլն: Բայց եթե վճռեք հատկացնել Աստծուն առաջին տեղը՝ փնտրելով Նրան՝ անկախ շեղող հանգամանքներից, դուք մեծապես կվարձատրվեք:
Որքան շատ ժամանակ անցկացնեք Աստծո հետ, այնքան շատ վստահություն, խաղաղություն, ուրախություն, ուժ, բարեհաճություն և հաղթանակ կվերապրեք: Նա է այս ամենի աղբյուրը: Երբ նվիրվում եք Նրա հետ ժամանակ անցկացնելուն, այդ ամենը, բնականաբար, հոսում է ձեր կյանքի մեջ:
Ձեր կյանքում չկա ավելի կարևոր բան, քան Հիսուս Քրիստոսի հետ անձնական փոխհարաբերությունը: