Ապավինի՛ր Նրան

Ապավինի՛ր Նրան

«Մենք լսեցինք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը [ձեր ամբողջ էությամբ Նրան ապավինելը՝ լիովին վստահելով Նրա զորությանը, իմաստությանը և բարությանը] և սերը [որ ունեք և ցուցաբերում եք] բոլոր սուրբերի հանդեպ» (ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻ 1.4):

Աստված ցանկանում է, որ լիովին ապավինենք Իրեն, լսենք Իր ձայնը և հնազանդվենք. ահա թե ինչ է իրականում հավատքը: Ես սիրում եմ հավատքի այն սահմանումը, որ տրված է այսօրվա խոսքում, և այն փաստը, որ լիովին պետք է ապավինենք Տիրոջը:

Մենք կարող ենք ապավինել Աստծուն՝ Իր կամքի մեջ մեզ պահելու համար: Ես ուրախ եմ դրա համար, որովհետև չափազանց դժվար է սեփական ուժերով մնալ Աստծո կամքի մեջ: Չգիտեմ նույնիսկ մեկ անձնավորության, ով կարող է ազնվորեն ասել, որ լիովին վստահ է և գիտի, թե ինչ պիտի անի ամեն օր:

Մենք կարող ենք հնարավոր ամեն բան անել ճիշտ որոշումներ կայացնելու համար: Սակայն ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ մենք ճիշտ ենք: Իհարկե, չե՛նք կարող: Մենք պետք է վստահենք Աստծուն, որ պահի մեզ Իր կամքի մեջ, ուղղի մեր առջև խորդուբորդ ճանապարհները, պահի մեզ նեղ ուղու վրա, որ տանում է դեպի կյանք, և հեռու պահի կործանում տանող լայն ճանապարհից (տե՛ս Մատթեոս 7.13):

Մենք պետք է աղոթենք. «Աստվա՛ծ, թող Քո կա՛մքը լինի իմ կյանքում»: Աստծո կամքից գիտեմ որոշ բաներ իմ կյանքի համար, բայց չգիտեմ ամենը, այնպես որ, ես սովորել եմ հանգիստ ու խաղաղ մնալ՝ ապավինելով Աստծուն, նվիրվելով Նրան և աղոթելով, որ Նրա կամքը կատարվի իմ մեջ և իմ միջոցով:

Երբեմն մտածում ենք, որ միայն թույլ կամ փխրուն մարդիկ կարող են ապավինել ինչ-որ մեկին, բայց հասկացել եմ, որ վատ բան չէ, եթե ապավինում ենք Աստծուն:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. այսօր լիովին ապավինի՛ր Աստծուն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon