Աստված օգնում է մեզ աճելու

Աստված օգնում է մեզ աճելու

«Սնապարծ, ինքնահավան, մրցակցող, վիճահարույց և իրար գրգռող ու զայրացնող չլինենք՝ միմյանց նախանձելով» (ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻ 5.26):

Յուրաքանչյուր մարդու փոխհարաբերությունն Աստծո հետ տարբեր է, տարբերվում է նաև Աստծո ձայնը լսելու յուրաքանչյուրի կարողությունը: Այնպես որ, ազա՛տ եղիր՝ հաղորդակցվելու Աստծո հետ այնպես, ինչպես Նա է առաջնորդում: Աստծո հետ փոխհարաբերությունը քրտնաջան աշխատանք կամ ինչ-որ բան կատարելու փորձ չէ. այն պարզապես խոսելն է Նրա հետ և Նրա ձայնը լսելը: Հարկ չկա, որ փորձենք լինել այնտեղ, որտեղ մեկ ուրիշն է, կամ լսել Աստծուն այնպիսի պարզությամբ և ճշգրտությամբ, ինչպես մեկ ուրիշն է լսում, որովհետև գուցե այդ անձնավորությունն Աստծո հետ վայելում է այնպիսի փոխհարաբերություն, որին հասել է տարիների ընթացքում, իսկ մենք այդքան երկար չենք քայլել Աստծո հետ: Որևէ խնդիր չկա, եթե հոգևոր առումով մենք «ավելի երիտասարդ» ենք, քան մյուսները. միևնույն է, Աստված լսում և պատասխանում է մեզ՝ անկախ մեր փորձառության չափից: Ուրիշների հետ համեմատվելը միայն դժբախտացնում է մեզ: Աստված պարզապես ուրախ է, որ մենք սովորում և աճում ենք:

Ինքդ քեզ ուրիշների հետ համեմատելը կխանգարի քո հոգևոր աճին: Աստված ճանաչում է քեզ անձամբ և ունի անհատական ծրագիր քո առաջխաղացման համար: Նա գիտի քո անցյալը, փորձառությունները, հիասթափությունները և քո ցավը: Նա նաև գիտի, թե ինչ է քեզ անհրաժեշտ՝ լիովին վերականգնվելու համար, ու դու կարող ես համոզված լինել, որ Նա աշխատում է քո մեջ, քանի դեռ դու փնտրում ես Իրեն:

Ես ունեմ չորս զավակ, որոնք շատ տարբեր են, և չեմ ակնկալում, որ նրանք լինեն այնպիսին, ինչպիսին չեն: Ես հասկացել եմ, որ նույն վերաբերմունքն Աստված ունի մեր հանդեպ: Եղի՛ր այնպիսին, ինչպիսին կաս, հաճո՛ւյք ստացիր քեզնից և վայելի՛ր հոգևոր այն մակարդակը, որին մինչև այժմ հասել ես:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մինչ շարունակում ես առաջ ընթանալ, վայելի՛ր հոգևոր այն մակարդակը, որին հասել ես:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon