Բաց մի՛ թող քո ժամադրությունը

Բաց մի՛ թող քո ժամադրությունը

«Եվ դուք Ինձ կորոնեք և կգտնեք, որովհետև Ինձ կխնդրեք ձեր ամբողջ սրտով» (ԵՐԵՄԻԱ 29.13):

Հնարավոր է, որ մենք ստիպված լինենք լրջորեն պայքարել մեր մարմնի հետ, որպեսզի հակառակվենք պասիվության ոգուն, որը փորձում է խանգարել մեզ աճելու Աստծո գիտության մեջ: Աստծո հետ ժամանակ անցկացնելու պարտավորվածությունը նույնքան լուրջ է, որքան ցանկացած պարտավորվածություն, որ ստանձնում ենք:

Եթե երիկամային հիվանդության պատճառով ես դիալիզի կարիք ունենայի և ստիպված լինեի շաբաթական երկու անգամ առավոտյան ժամը 8։00-ին լինել հիվանդանոցում, ապա ոչ մի հրավեր չէի ընդունի այդ ընթացքում որևէ այլ բան անելու համար, որքան էլ հրապուրիչ դա թվար, կամ որքան էլ ցանկանայի անել դա: Ես քաջ կգիտակցեի, որ իմ կյանքը կախված էր դիալիզի ընդունումից: Մենք նույնպիսի լրջությամբ պետք է վերաբերվենք այն ժամանակին, որ անցկացնում ենք Աստծո հետ: Մեր կյանքի որակը մեծապես կախված է Աստծո հետ անցկացրած ժամանակից, այնպես որ այդ ժամանակը պետք է առաջնահերթ տեղ ունենա մեր անելիքների ցանկում:

Երբեմն մենք անկազմակերպ ենք դառնում Աստծո հետ ժամադրության հարցում, որովհետև գիտենք, որ Նա միշտ հասանելի է: Մենք գիտենք, որ Նա միշտ պատրաստ է օգնել մեզ, ուստի կարող ենք բաց թողնել Նրա հետ նախատեսած մեր հանդիպումը կամ փոփոխություն կատարել մեր ժամանակացույցում, որպեսզի կարողանանք անել այն, ինչ առավել հրատապ է թվում: Եթե իսկապես առաջնահերթություն տանք այն ժամանակին, որ անցկացնում ենք Աստծո հետ, ապա չենք բախվի այդքան շատ «հրատապ» իրավիճակների, որոնք գողանում են մեր ժամանակը:

Երբ ժամանակ ենք անցկացնում Աստծո հետ, նույնիսկ եթե չենք զգում Նրա ներկայությունը կամ չենք կարծում, թե որևէ բան ենք սովորում, միևնույն է, ցանում ենք բարի սերմեր, որոնք բարի պտուղ են բերում մեր կյանքում: Ցուցաբերելով հաստատակամություն՝ դու կսկսես ավելի լավ հասկանալ Աստծո Խոսքը, մշտապես կվայելես Նրա հետ հաղորդակցումը, կխոսես Նրա հետ և կլսես Նրա ձայնը:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. բաց մի՛ թող քո ժամադրություններն Աստծո հետ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon