Դավանի՛ր Խոսքը

Դավանի՛ր Խոսքը

«Թող իմ լեզուն խոսի Քո Խոսքի համար. որովհետև Քո բոլոր պատվիրաններն արդարություն են» (ՍԱՂՄՈՍ 119.172):

Աստծո Խոսքը մեծագույն գանձն է: Այն լի է իմաստությամբ, խրատով, ճշմարտությամբ և այն ամենով, ինչ անհրաժեշտ է նպատակասլաց, հզոր և հաջողակ կյանքով ապրելու համար: Մենք պետք է ներառենք Խոսքը մեր աղոթքների մեջ՝ դավանելով այն յուրաքանչյուր հանգամանքում և իրավիճակում: «Դավանել»՝ նշանակում է «ասել նույն բանը», ուստի երբ դավանում ենք Խոսքը, ասում ենք նույն բաները, ինչ Աստված է ասում. մենք համաձայնության ենք գալիս Նրա հետ: Եթե իսկապես ուզում ենք խորը և կենսունակ փոխհարաբերություն ունենալ Աստծո հետ, ապա պետք է համաձայնենք Նրա հետ, իսկ դրան կօգնի Խոսքի դավանությունը: Դավանությունն ամրապնդում է Խոսքի գիտությունը և հավատքն առ Աստված, ինչն էլ նպաստում է մեր աղոթքների հստակությանն ու արդյունավետությանը:

Խոսքը դավանելու համար՝ պետք է իմանանք այն, որովհետև մենք կարող ենք համաձայնել Աստծո հետ միայն այն ժամանակ, երբ գիտենք, թե ինչ է արել և ինչ է ասել Նա: Հաճախ հանդիպում եմ մարդկանց, որոնք խնդրում են Աստծուն տալ այն, ինչ արդեն ունեն, կամ դարձնել իրենց այնպիսին, ինչպիսին արդեն կան, և ես ուզում եմ ասել. «Դադարե՛ք այդպես աղոթելուց: Աստված արդեն ավարտել է այն աշխատանքը, որ խնդրում եք»: Կարիք չկա, որ խնդրեք Աստծուն օրհնել ձեզ, որովհետև Նա արդեն օրհնել է: Ավելի լավ կլինի ասել. «Աստվա՛ծ, շնորհակալություն, որ Քո Խոսքի համաձայն ես օրհնված եմ»: Այն աղոթքները, որոնց միջոցով խնդրում ենք, որ Աստված տա մեզ այն, ինչ արդեն տվել է, միանգամայն ավելորդ են: Երբ աղոթում ենք Աստծո Խոսքով կամ հիշեցնում Աստծուն Նրա Խոսքը, մենք մեծարում ենք Նրա Խոսքը և ինքներս մեզ հիշեցնում, թե ինչ է այն ասում: Ամեն անգամ, երբ խոսում ենք Նրա Խոսքը, երկնքից զորություն է արձակվում՝ երկրի վրա փոփոխություն բերելու համար:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստծո Խոսքը, որը հավատքով դուրս է գալիս քո շուրթերից, ամենահզոր ուժն է երկնքում և երկրի վրա:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon