Դու ունես հանձնարարություն

Դու ունես հանձնարարություն

«Որովհետև Դո՛ւ, ո՛վ Զորաց Տեր՝ Աստվա՛ծ Իսրայելի, Քո ծառայի ականջներին հայտնեցիր և ասացիր. «Քեզ համար տուն պիտի շինեմ». սրա համար Քո ծառան իրենում սիրտ առավ, որ այս աղոթքը Քեզ անի» (Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ 7.27):

Երբեմն Աստված խոսում է մեզ հետ և տալիս «աղոթքի հանձնարարություններ»: Դավիթ թագավորը հավատում էր, որ իրեն տրվել էր հանձնարարություն՝ տուն կառուցել Աստծո համար, և նա պարտավորվել էր աղոթել, մինչև որ դա իրականություն դառնար: Շատ մարդկանց կամ իրավիճակների համար ես աղոթում եմ ընդամենը մեկ անգամ, և վերջ: Բայց նաև հավատում եմ, որ Աստված խոսում է մեզ հետ և հանձնարարում աղոթել ոմանց համար այնքան, մինչև ավարտին հասցնի այն, ինչ ցանկանում է անել նրանց մեջ կամ նրանց համար: Քսանհինգ տարի է՝ ես աղոթում եմ մի անձնավորության համար և կշարունակեմ աղոթել, քանի դեռ ապրում եմ, կամ՝ քանի դեռ Աստված չի ազատել ինձ այդ պարտականությունից, կամ՝ քանի դեռ այդ անձնավորությունն ապրում է, կամ՝ քանի դեռ այն, ինչ պետք է կատարվի, իրականություն չի դարձել։ Լինում են ժամանակներ, երբ հոգնում եմ այդ մարդու համար աղոթելուց, բայց անկախ նրանից, թե ինչպես եմ զգում, ես շարունակում եմ աղոթել: Ես գիտեմ, որ Աստված տվել է ինձ այդ հանձնարարությունը, և ես չեմ հանձնվի: Ես հավատում եմ, որ Աստված օգտագործում է իմ աղոթքները այդ մարդու կյանքի ուղին շտկելու համար:

Լինում են նաև ժամանակներ, երբ զգում եմ, որ ինչ-որ մեկի համար «պիտի» ավելի շատ աղոթեմ, բայց անկախ նրանից, թե ինչ եմ զգում, աղոթելիս պարզապես չեմ հիշում այդ մարդու մասին: Երբեմն փորձում եմ աղոթել, բայց ցանկություն չեմ ունենում կամ չեմ կարողանում շատ բան ասել, իսկ այն, ինչ ասում եմ, չոր ու տաղտկալի է հնչում:

Եթե Աստված խոսի քեզ հետ և տա հանձնարարություն աղոթելու որևէ մեկի կամ որևէ բանի համար, դու ստիպված չես լինի «փորձել» աղոթքի ցանկություն առաջացնել քո մեջ. քո սիրտը և միտքը համակված կլինեն դրանով, և աղոթքը դյուրին կլինի: Դու նույնիսկ կհայտնաբերես, որ աղոթում ես այդ մարդու կամ իրավիճակի համար՝ նախապես չծրագրելով դա: Երբ ինչ-որ մեկը քո սրտում է կամ մտքում, հավատա՛, որ լսում ես Աստծուց, և աղոթի՛ր:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դու չես կարող ամեն բան անել և ամեն բան լավ անել, ուստի իմացի՛ր, թե որն է քո հանձնարարությունը, և մտի՛ր Աստծո հանգստի մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon