Կրակի մկրտություն

Կրակի մկրտություն

«Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարության համար, բայց Իմ ետևից եկողն Ինձնից զորավոր է, որի կոշիկները վեր առնելու Ես արժանի չեմ. Նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով և կրակով» (ՄԱՏԹԵՈՍ 3.11):

Որպես հավատացյալներ՝ մենք կանչված ենք անելու ավելին, քան կիրակի առավոտյան եկեղեցի գնալը, սահմանված արարողություններին հետևելը, ջրով ցողվելը կամ մկրտության ավազանում ջրի մեջ ընկղմվելը: Այս բոլորը չափազանց կարևոր են և չպետք է անտեսվեն, բայց դրանց պետք է հաջորդի «կրակի մկրտություն» վերապրելու պատրաստակամությունը:

Ի պատասխան Հակոբոսի և Հովհաննեսի մոր, ով հարցրեց, թե արդյոք իր որդիները կարող են նստել Հիսուսի աջ և ձախ կողմերում՝ Նրա արքայությունում (տե՛ս Մատթեոս 20.21,22), Հիսուսն ասաց, որ նրանք չգիտեն, թե ինչ են խնդրում: Նա շարունակեց. «Կարո՞ղ եք այն բաժակը խմել, որ Ես եմ խմելու, կամ այն մկրտությունով մկրտվել, որ Ես եմ մկրտվելու» (Մատթեոս 20.22):

Ի՞նչ մկրտության մասին էր խոսքը: Հիսուսն արդեն մկրտվել էր Հովհաննեսի կողմից Հորդանան գետում և միաժամանակ ստացել Սուրբ Հոգու մկրտություն (տե՛ս Մարկոս 1.9-11): Ուրիշ ի՞նչ մկրտություն կար:

Հիսուսը խոսում էր կրակի մկրտության մասին: Կրակը մաքրող գործոն է, մի բան, որն անհարմարություն է պատճառում, մինչ կատարում է իր աշխատանքը: Հիսուսն անմեղ էր, ուստի մաքրվելու կարիք չուներ, բայց մենք ունենք: Հիսուսը Նա է, Ով մկրտում է մեզ Սուրբ Հոգով և կրակով:

Ունեցի՛ր քաջություն՝ խնդրելու, որ Հիսուսը մկրտի քեզ Իր կրակով: Խնդրի՛ր, որ Նա մաքրման և սրբագործման աշխատանք կատարի քո մեջ, որպեսզի կարողանաս լինել անոթ՝ հարմար Նրա գործածության համար: Գուցե դժվար լինի անցնել այդ կրակի միջով, բայց արդյունքը գոհացուցիչ կլինի:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. երբ անցնես կրակի միջով, Աստված քեզ հետ կլինի: Նա երբեք չի թողնի կամ չի լքի քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon