Հնազանդության վերաբերմունք

Հնազանդության վերաբերմունք

«Ով որ մերժում է իր ականջը [Աստծո և մարդու] օրենքը լսելուց, նրա աղոթքը մինչև իսկ գարշելի և ատելի է [Աստծուն]» (ԱՌԱԿԱՑ 28.9):

Այսօրվա խոսքում ասվում է, որ երբ չունենք պատշաճ վերաբերմունք իշխանության հանդեպ, կամ եթե ապստամբ ենք, մեր աղոթքները գարշելի են Աստծուն:

Առանց շտկվելու՝ մենք չենք կարող աճել կամ հասունանալ: Եթե ապստամբում ենք աշխատանքային կանոնադրության, երթևեկության կանոնների կամ որևէ իշխանության դեմ, ուրեմն վերաբերմունքի հետ կապված ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան կարող էինք մտածել: Ապստամբությունը մի բան է, որը պետք է ջանասիրաբար հեռացնենք մեր վերաբերմունքից ու վարքագծից: Ինչո՞ւ: Որովհետև եթե հրաժարվենք երկրային իշխանությանը հպատակվելուց, ապա չենք հպատակվի Աստծո իշխանությանը: Սա անհնազանդություն է, որը կխանգարի արդյունավետ աղոթքին:

Նախքան Աստված թույլ կտար, որ սկսեի իմ ծառայությունը, Նա դրեց ինձ մեկ ուրիշի ծառայության մեջ, որտեղ մնացի մի քանի տարի: Ես պետք է սովորեի ենթարկվել իշխանությանը: Դա հեշտ չէր: Միշտ չէ, որ համաձայնում էի այն որոշումներին, որոնք կայացվում էին, և միշտ չէ, որ կարծում էի՝ ինձ հետ արդարացի են վարվում, բայց Աստված մի կարևոր դաս տվեց. մենք պատրաստ չենք լինի ստանձնելու իշխանություն, քանի դեռ չենք սովորել ենթարկվել իշխանությանը:

Գուցե ցանկանում ես, որ աշխատավարձդ բարձրացնեն, կամ առաջխաղացում ունենաս աշխատանքում, բայց մշտապես բամբասում և քննադատում ես քո ղեկավարին: Սա ապստամբության տեսակ է, որը կարող է խանգարել քո առաջընթացին: Ունեցի՛ր հնազանդ վերաբերմունք և ավելի շատ աղոթքների պատասխաններ կստանաս ու ավելի հստակ կլսես Աստծո ձայնը:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. գուցե արդարացի չէ այն, ինչ պահանջվում է, որ անես, բայց վերջում Աստված միշտ հատուցում է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon