Աստված խոսում է հնարավորության դռների միջոցով

Աստված խոսում է հնարավորության դռների միջոցով

«…Սա է ասում Սուրբը՝ Ճշմարիտը, որ Դավթի բանալիներն ունի. որ բացում է, և ոչ ոք չի փակում, և փակում է, և ոչ ոք չի բացում» (ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 3.7):

Երբեմն Աստված խոսում է՝ մեր առջև դռներ բացելով կամ փակելով: Պողոսն ու Շիղան փորձում էին գնալ Բյութանիա՝ Ավետարանը քարոզելու և այնտեղի մարդկանց ծառայելու, բայց Հիսուսի Հոգին թույլ չտվեց անել դա (տե՛ս Գործք 16.6,7): Մենք հստակ չգիտենք, թե ինչպես դա եղավ. հնարավոր է՝ նրանք պարզապես կորցրին իրենց խաղաղությունը: Ես այն կարծիքին եմ, որ նրանք իրականում փորձեցին մտնել այդ գավառը, բայց Աստված ինչ-որ կերպ ետ պահեց նրանց:

Դեյվն ու ես փորձառությունից գիտենք, որ Աստված կարող է բացել հնարավորության դռներ, որոնք ոչ ոք չի կարող փակել, և կարող է փակել դռներ, որոնք պարզապես չենք կարող բացել: Ես աղոթում եմ, որ Աստված բացի այն դռները, որոնց միջով Նա ուզում է, որ ես անցնեմ: Գուցե անկեղծորեն մտածեմ, որ ճիշտ բան եմ պատրաստվում անել, սակայն, իրականում, դա սխալ լինի. հետևաբար, ես ապավինում եմ Աստծուն՝ հավատալով, որ եթե իսկապես սխալվում եմ, Նա կփակի այն դռները, որոնց միջով փորձում եմ անցնել:

Տարիներ շարունակ փորձել եմ հասնել նրան, ինչ ցանկացել եմ, և հետևանքը եղել է ծրագրերի խափանումն ու հիասթափությունը: Շատ ավելի հաճելի է, և ավելի խաղաղ ես զգում, երբ անում ես քո մասը և վստահում Աստծուն, որ Նա կբացի այն դռները, որոնք համապատասխանում են Նրա կամքին, և ամուր կփակի այն դռները, որոնք Նրա կամքի համեմատ չեն: Աստված սիրում է քեզ, և դու կարող ես համոզված լինել, որ ճիշտ ժամանակին Նա ճիշտ դուռ կբացի քեզ համար:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մի՛ փորձիր ինքնուրույն հասնել ինչ-որ բանի: Վստահի՛ր Աստծուն, որ Նա քեզ համար կբացի ճիշտ դռներ և կփակի սխալ դռները:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon