Հոգով առաջնորդված համառություն

Հոգով առաջնորդված համառություն

«Ուրեմն ի՞նչ անեմ. աղոթք կանեմ Հոգով [Սուրբ Հոգով, որ իմ ներսում է], աղոթք կանեմ նաև մտքով և հասկացողությամբ…» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 14.15):

Ուզում եմ քաջալերել քեզ, որ համառ, հաստատակամ աղոթքներ անես, որոնք առաջնորդված են Սուրբ Հոգով. աղոթքներ, որոնք ոչ թե օր-օրի կրկնվում են, այլ բխում են սրտից և դրսևորում անկոտրում կամք: Կարելի է մեխանիկորեն արտաբերել բառեր, որոնք որևէ իմաստ չունեն, և այդպիսի աղոթքները ոչ այլ ինչ են, քան անարդյունավետ աշխատանք: Ես կարող եմ ամբողջությամբ մեջբերել Տերունական աղոթքը՝ միաժամանակ մտածելով մեկ այլ բանի մասին, իսկ դա չի փառավորի Աստծուն, և որևէ օգուտ չի տա ինձ, բայց եթե անկեղծ լինեմ և ի սրտե աղոթեմ, Աստված կլսի և կգործի իմ օգտին:

Դատարկ խոսքերը ոչինչ են Աստծո համար և որևէ ազդեցություն չունեն մեր կյանքում, ուստի նույնիսկ այն ժամանակ, երբ կրկին ու կրկին աղոթում ենք միևնույն բանի համար, պետք է զգույշ լինենք, որ անիմաստ կրկնողությամբ չզբաղվենք: Փոխարենը՝ թույլ տանք, որ Սուրբ Հոգին առաջնորդի մեզ նորովի, նույնիսկ երբ անդրադառնում ենք մի թեմայի, որի համար երկար ժամանակ աղոթել ենք: Երբեմն Նա կառաջնորդի, որ ավելի ջանասեր և համառ լինենք այս կամ այն հարցում, բայց կա տարբերություն կրկնողության և Հոգով առաջնորդված համառության միջև:

Աղոթքում ասվող խոսքերը, որոնք միացած չեն մեր սրտին, խոսքեր են առանց զորության: Երբ աղոթում ենք, պիտի կենտրոնանանք այն բանի վրա, ինչ ասում ենք: Մենք չպետք է արտաբերենք անգիր արած խոսքեր, բայց սրտով հեռու լինենք Աստծուց: Արդարի ջերմեռանդ (անկեղծ, շարունակական) աղոթքը հսկայական զորություն է բաց թողնում (տե՛ս Հակոբոս 5.16):


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. քո անկեղծ աղոթքներն ունեն զորություն, և Աստված լսում է դրանք:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon