Մարդիկ Աստծունն են

Մարդիկ Աստծունն են

«…Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ փրկել եմ, քո անունով կանչել եմ, թե դու Իմն ես» (ԵՍԱՅԻ 43.1):

Ունե՞ս որևէ գույք, որը չափազանց արժեքավոր է քեզ համար, որը փայփայում ես և որով հիանում ես: Եթե տեսնեիր, որ ինչ-որ մեկն անփութորեն դես ու դեն է նետում այն կամ կարող է վնասել, մի՞թե չէիր տրտմի:

Աստված նույն զգացողությունն ունի Իր ունեցվածքի հանդեպ: Մարդիկ Աստծունն են: Նրանք Աստծո ստեղծագործությունն են, և Աստծո Հոգին տրտմում է, երբ տեսնում է, որ վատ են վարվում Իր ստեղծագործության հետ:

Բոլորը չունեն նույն կոչումը, բայց յուրաքանչյուր վերստին ծնված Աստծո ժառանգ է և Քրիստոսի հետ ժառանգակից: Յուրաքանչյուր անհատ իրավունք ունի ունենալու խաղաղություն, արդարություն և ուրախություն, ստանալու իր կարիքների պատասխանը, գործածվելու Աստծո կողմից և տեսնելու, թե ինչպես է Աստծո օծությունը հոսում իր միջոցով:

Բոլորը հավասար հնարավորություն ունեն՝ տեսնելու պտուղ իրենց ծառայության մեջ, բայց ուրիշներին սիրելու պատրաստակամությամբ է պայմանավորված այն, թե որքան պտուղ նրանք կտեսնեն: Տարիներ առաջ Սուրբ Հոգին ինձ ասաց. «Հիմնական պատճառներից մեկը, որ մարդիկ չեն քայլում սիրո մեջ, այն է, որ դա ջանքեր է պահանջում: Ամեն անգամ, երբ նրանք վարվում են սիրով, դա ինչ-որ բան է արժենում նրանց»:

Սերը պահանջում է, որ չասենք որոշ բաներ, որ կցանկանայինք ասել: Սերը պահանջում է, որ չանենք որոշ բաներ, որ կցանկանայինք անել, և տանք որոշ բաներ, որ կցանկանայինք պահել: Սերը պահանջում է, որ համբերատար լինենք մարդկանց հանդեպ:

Փոխհարաբերությունները միշտ չէ, որ հեշտ են, բայց կարևոր են Աստծո համար, որովհետև Նա բարձր է գնահատում մարդկանց: Մենք պետք է ջանք թափենք և անհրաժեշտ զոհողություններ անենք, որպեսզի սիրենք մարդկանց այնպես, ինչպես Աստված է ցանկանում, և չտրտմեցնենք Նրան:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված նայում է մարդկանց՝ որպես Իր գանձերի, ուստի՝ զգո՛ւյշ եղիր նրանց հետ վարվելիս:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon