Մի՛ մոռացիր Աստծուն

Մի՛ մոռացիր Աստծուն

«Որովհետև Իմ ժողովուրդը կրկնապատիկ չարություն գործեց. Ինձ՝ կյանքի ջրի աղբյուրիս, թողեցին, որ իրենց համար հորեր փորեն՝ ծակծակոտ հորեր, որոնք չեն կարող ջուրը պահել» (ԵՐԵՄԻԱ 2.13):

Առաջին և ամենամեծ սխալը, որ որևէ մեկը կարող է գործել, Աստծուն թողնելը կամ անտեսելն է, կամ այնպես վարվելը, կարծես Նա գոյություն չունի: Սա այն է, ինչ արեցին մարդիկ, որոնց մասին Երեմիան գրեց այսօրվա խոսքում: Նույն գլխում, ավելի ուշ, Աստված ասում է. «…Իմ ժողովուրդը մոռացել է Ինձ այնքան օրեր, որ թիվ չունի» (Երեմիա 2.32): Ինչպիսի՜ ողբերգություն. հնչում է այնպես, կարծես Աստված տխուր է կամ, թերևս, նույնիսկ միայնակ:

Անշուշտ, ինձ դուր չէր գա, որ երեխաներս մոռանային իմ մասին: Երբեք չի լինում այնպես, որ օրերով նրանց հետ չխոսեմ: Իմ որդիներից մեկը ծառայության բերումով շատ է ճանապարհորդում: Նույնիսկ երբ նա օտար երկիր է մեկնում, հաճախակի զանգում է ինձ:

Հիշում եմ, մի անգամ Դեյվն ու ես երկու երեկո անընդմեջ ճաշեցինք մեր որդիներից մեկի հետ: Հաջորդ օրը նա զանգեց մեզ՝ պարզապես իմանալու, թե ինչպես ենք, ապա հարցրեց, թե արդյոք չենք ցանկանա միասին որևէ բան անել հաջորդ երեկո: Նա նաև ասաց, որ ինքն ու կինն իսկապես գնահատում էին այն ամենը, ինչ մենք անում էինք՝ նրանց օգնելու համար:

Սրանք այնպիսի բաներ են, որոնք օգնում են կառուցելու և պահպանելու լավ փոխհարաբերություններ: Երբեմն փոքր բաներն առավել կարևոր նշանակություն ունեն: Իմ երեխաների վարմունքը թույլ է տալիս հասկանալու, որ նրանք սիրում են ինձ: Թեև ես գիտեմ, որ նրանք սիրում են ինձ, բայց հաճելի է նաև զգալ այդ սերը:

Այսպիսին էլ Աստծո վերաբերմունքն է մեր՝ Իր սիրելի զավակների հանդեպ: Գուցե Նա գիտի, որ սիրում ենք Իրեն, բայց նաև ցանկանում է ճաշակել այդ սերը մեր արարքների միջոցով, հատկապես, երբ հիշում ենք Իրեն և փափագում ժամանակ անցկացնել Իր հետ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստծուն հետաքրքրում է այն ամենը, ինչը վերաբերում է քեզ, ուստի ազա՛տ եղիր՝ խոսելու Նրա հետ ցանկացած հարցի շուրջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon