Մշտապես լցվի՛ր Հոգով

Մշտապես լցվի՛ր Հոգով

«Եվ մի՛ արբեք գինով, որ նրանում անառակություն կա, այլ մշտապես լցվե՛ք և բորբոքվե՛ք Հոգով» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 5.18):

Քեզ համար կարևոր է իմանալ, որ Աստծո Խոսքում քեզ պատվիրվում է «մշտապես լցվել Հոգով», այսինքն՝ լցվել ամեն ժամանակ:

Դա անելու համար անհրաժեշտ է Աստծուն հատկացնել առաջին տեղը մեր կյանքում: Հաճախ սա պահանջում է կարգապահություն, որովհետև բազմաթիվ այլ բաներ խլում են մեր ժամանակը և ուշադրությունը: Այո՛, մենք ունենք շատ ցանկություններ և կարիքներ, սակայն Աստծուց ավելի կարևոր ոչինչ չկա: Մենք մշտապես լցվում ենք Աստծո ներկայությամբ, երբ ամեն օր փնտրում ենք Նրան՝ Խոսքն ուսումնասիրելու և Նրա հետ ժամանակ անցկացնելու միջոցով: Մեզ օգնում է նաև երախտագիտության վերաբերմունքը, ինչպես նաև մտքերը ճիշտ ուղղությամբ վերահսկելու կարողությունը:

Սուրբ Հոգին երբեք չի հեռանում. Երբ Նա գրավում է Իր տեղը, բնակություն է հաստատում այնտեղ և հրաժարվում է հեռանալուց: Բայց կարևոր է, որ մենք մշտապես բոցավառվենք հոգևոր ձգտումներով: Այն, ինչ տաք է, կսառչի, եթե կրակը մարի:

Իմ կյանքում եղավ մի շրջան, երբ վեց ամիս շարունակ Աստված արգելեց ինձ խնդրել որևէ բան՝ բացի Իր հետ առավել խորը և մտերիմ փոխհարաբերությունից: Դա մի ժամանակաշրջան էր, երբ ես սովորում էի մոտենալ Աստծուն և խորությամբ ճանաչել Նրան: Ամեն անգամ, երբ ասում էի. «Աստվա՛ծ, ես կարիք ունեմ…», նույն պահին հիշում էի Նրա ասածը և կանգ առնում՝ նախադասությունն ավարտելով «ավելի ու ավելի Քո կարիքն ունեմ» խոսքերով:

Աստված տալիս է մեզ այն, ինչի կարիքն ունենք։ Նա գիտի, թե ինչ է մեզ պետք, նախքան կխնդրենք: Եթե մենք զմայլվենք Տիրոջով և մշտապես փափագենք Նրան, Նա էլ կիրականացնի մեր սրտի ցանկությունները: Ես քեզ քաջալերում եմ այսօր և ամեն օր լցվել Սուրբ Հոգով և ամեն ինչից առավել ցանկանալ Աստծուն: Նա հոգ կտանի մնացածի համար:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աշխատի՛ր մշտապես լցվել Սուրբ Հոգով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon