Սիրելու վճռականություն

Սիրելու վճռականություն

«Երկաթը երկաթով է սրվում, և մարդը սրում է իր ընկերոջ երեսը»: ԱՌԱԿԱՑ 27.17

Մեր կյանքում կան մարդիկ, որոնք կարծես հղկաթուղթ լինեն մեզ համար: Ոմանք ասես հղկաթղթի մի ամբողջ փաթեթ լինեն: Հավատաք, թե ոչ, Աստված թույլ է տալիս, որ նրանք լինեն մեր կյանքում՝ մեր կոշտ եզրերը հարթելու համար: Մենք նման ենք չմշակված ադամանդի. մեր մարմնի կոշտ մակերեսի տակ գեղեցիկ և արժեքավոր բան է թաքնված:

Երբ Աստված սկսեց հոգևոր հասունության գործընթացն իմ մեջ, թույլ տվեց, որ իմ կողքին լինեն մարդիկ, որոնց հետ շատ դժվար էր հարաբերվել: Ես մտածում էի, որ նրանք փոխվելու կարիք ունեին, բայց Աստված ցանկանում էր նրանց միջոցով ինձ փոխել: Մենք պետք է սովորենք գործ ունենալ բոլոր տեսակի մարդկանց հետ և ընդունել, որ նրանք տարբեր են մեզնից:

Դեյվը կարող է երկար սպասել և երբեք չհուսախաբվել, բայց ես ուզում եմ, որ ամեն բան արագ լինի: Նա լռակյաց է, իսկ ես շատ եմ խոսում, նա սիրում է առավոտյան բարձր երաժշտություն լսել, իսկ ես սիրում եմ, որ այն ցածր հնչի: Համոզված եմ, որ ձեր կյանքում նույնպես կան մարդիկ, որոնք տարբերվում են ձեզնից: Փոխանակ բորբոքվենք կամ հպարտորեն մտածենք, թե մենք ճիշտ ենք, իսկ նրանք՝ սխալ, ավելի լավ է ձգտենք ընդունել նրանց սիրով, ինչպես Քրիստոսն է ընդունում մեզ:

Մենք կարող ենք վճռական լինել սիրելու և համերաշխ լինելու միմյանց հետ՝ անկախ նրանից, թե որքան տարբեր ենք մենք կամ մեր հանգամանքները: Որովհետև երբ սիրում ենք մեզ շրջապատողներին՝ նույնիսկ ամենադժվար մարդկանց, մենք բաց ենք լինում այն ամենի համար, ինչ Աստված գուցե փորձում է սովորեցնել մեզ:


Ընտրե՛ք քայլել Քրիստոսի սիրո մեջ և թույլ տվեք, որ Նա հղկի ձեզ այլ մարդկանց միջոցով, որոնց բերում է ձեր կյանքի մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon