Սուրբ Հոգին բարեխոսում է մեզ համար

Սուրբ Հոգին բարեխոսում է մեզ համար

«Այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև՝ թե ինչ բանի համար պիտի աղոթք անենք, ինչպես արժան է, չգիտենք. բայց Ինքը՝ Հոգին, անբարբառ հառաչանքով բարեխոս է լինում» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 8.26):

Աստծո Խոսքը սովորեցնում է, որ միայն Աստծո Հոգին ճշգրտորեն գիտի Աստծո մտքերը, և այդ պատճառով մենք կարիք ունենք, որ Նա բարեխոսի մեզ համար և առաջնորդի մեր աղոթքներում:

Եթե ուզում ենք աղոթել Աստծո կամքի համաձայն, իսկ ես հավատում եմ, որ դա քո ցանկությունն է, ապա պետք է իմանանք, թե ինչ է Աստված մտածում և ցանկանում: Շատ անգամներ մենք անկարող ենք հասկանալ դա, բայց Սուրբ Հոգին կարող է, ուստի Նա բարեխոսում է մեր անունից: Ես փորձում եմ հնարավորինս ճիշտ աղոթել, բայց անչափ երախտապարտ եմ, որ Սուրբ Հոգին իմ աղոթքի գործընկերն է և աղոթում է ինձ համար: Մենք նաև Աստծո Խոսքից գիտենք, որ ինչ էլ պատահի մեր կյանքում, կարող ենք վստահել Աստծուն, որ Նա ամեն բան գործակից կանի դեպի բարին, քանի դեռ աղոթում ենք, սիրում ենք Աստծուն և փափագում Նրա կամքը:

Այսօրվա խոսքին՝ Հռոմեացիների 8.26-ին, արագորեն հաջորդում է Հռոմեացիների 8.28-ը. «Մենք համոզված ենք և գիտենք, որ [քանի որ Աստված նրանց գործընկերն է] բոլոր բաները գործակից են լինում դեպի բարին նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են [Նրա] մտադրությունների և նպատակի համաձայն»: Ինչպիսի՜ մխիթարություն է իմանալ, որ Աստված ուղարկել է Իր Սուրբ Հոգուն, որպեսզի օգնի մեզ ամեն ինչում, ներառյալ՝ աղոթքում: Չկա իրավիճակ, որ Նա չկարողանա գործակից դարձնել դեպի բարին: Այսօր աղոթելիս խնդրի՛ր, որ Սուրբ Հոգին օգնի քեզ: Եթե այնքան խորն է ցավդ, որ ի վիճակի ես միայն հառաչելու, ապա Սուրբ Հոգին կարող է նույնիսկ քո հառաչանքը ճշգրտորեն արտահայտել Աստծուն և բերել քո պատասխանը: Դու ունես Աստվածային Օգնական, Ով քեզ հետ է ամեն ժամանակ, այնպես որ՝ աշխատի՛ր հաճախակի կանչել Նրա անունը:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դու կարող ես վստահել Սուրբ Հոգուն, Ով գերազանց կերպով կբարեխոսի քեզ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon