Սրբված, թլփատված ականջներ

Սրբված, թլփատված ականջներ

«Ո՞ւմ ասեմ և վկայեմ, որ լսեն. ահա նրանց ականջը անթլփատ է [Աստծո հետ ուխտի մեջ չէ կամ չի սրբվել Նրա ծառայության համար], և չեն կարող լսել կամ հնազանդվել…» (ԵՐԵՄԻԱ 6.10):

Ամեն անգամ, երբ Աստված խոսում է մեզ հետ, և մենք վարվում ենք այնպես, կարծես չենք լսում Նրան, մեր սրտերը մի փոքր կարծրանում են, մինչև հասնում ենք այն կետին, որ ծայրահեղ դժվար է լինում լսել Նրան: Ի վերջո, մեր կամակորությունը բթացնում է Աստծուն լսելու կարողությունը: Ամեն անգամ, երբ չենք անում այն, ինչը գիտենք, որ ճիշտ է, ավելի խստասիրտ ենք դառնում, մինչև լիովին խլանում ենք Նրա առաջնորդության հանդեպ:

Այսօրվա խոսքում տեսնում ենք, որ Աստված ուզում էր՝ Երեմիան զգուշացներ Իր ժողովրդին վերահաս կործանման մասին, բայց նրանք անկարող էին լսել նրա ձայնը, որովհետև նրանց ականջներն անթլփատ էին (Աստծո հետ ուխտի մեջ չէին): Ինչպիսի՜ ողբերգություն:

Հակառակ դրան՝ Հովհաննեսի 5.30-ում տեսնում ենք, որ Հիսուսն ուներ սրբված (առանձնացված), թլփատված ականջներ: Կարծում եմ, որ սա Աստվածաշնչի ամենակարևոր խոսքն է Աստծուց լսելու վերաբերյալ. «Ես Ինձնից (ինքնուրույն, ինքնակամ) չեմ կարող ոչինչ անել (այլ միայն այն, ինչ սովորեցնում է Աստված). ինչպես լսում եմ, այնպես եմ դատում [որոշում եմ այնպես, ինչպես ինձ հրամայվում է: Ես որոշում եմ կայացնում համաձայն Իմ լսածի], և Իմ դատաստանն արդար է (ուղիղ, իրավացի), որովհետև Իմ կամքը չեմ որոնում [Ես չունեմ ցանկություն, որ անեմ այն, ինչ հաճեցնում է Ինձ, և Իմ նպատակները չեմ հետապնդում], այլ՝ ինձ ուղարկող Հոր կամքը և ցանկությունը»:

Հիսուսը ոչինչ չէր անում, մինչև չէր լսում Հորից: Պատկերացրու՝ որքան կփոխվեր մեր կյանքը, եթե Նրանից խորհուրդ խնդրեինք, նախքան կընկնեինք այն անախորժությունների մեջ, որ ինքներս ենք ստեղծում, իսկ հետո Նրա կարիքն ենք ունենում՝ այդ ամենից դուրս գալու համար:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. նախքան որոշում կկայացնես՝ լսի՛ր սրտիդ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon