Քո «ընդունիչը» խաբեբայից զե՛րծ պահիր

Քո «ընդունիչը» խաբեբայից զե՛րծ պահիր

«Տեր Եհովան ինձ ուսումնավարժ լեզու է տվել… Նա զարթնեցնում է ամեն առավոտ՝ զարթնեցնում է իմ ականջը, որ լսեմ աշակերտների պես։ Տեր Եհովան բացել է իմ ականջը, և ես չհակառակվեցի՝ ետ չդարձա» (ԵՍԱՅԻ 50.4,5):

Աստծուց լսելու առաջին քայլը հավատալն է, որ կարող ենք լսել Նրանից: Շատերն ուզում են լսել Աստծուց, բայց իրականում չեն ակնկալում լսել Նրանից: Նրանք ասում են. «Ես չեմ կարող լսել Աստծուց. Նա երբեք չի խոսում ինձ հետ»:

Այս մարդիկ չափից շատ ձայնային խանգարումներ ունեն իրենց «ընդունիչներում»՝ Աստծուն հստակ լսելու համար: Նրանց ականջները խցանված են ոչ աստվածահաճո աղբյուրներից եկող ուղերձներով: Հետևաբար նրանք դժվարանում են զանազանել, թե ինչ է Աստված իրականում ասում իրենց:

Ի՞նչ օգուտ, որ Աստված խոսի մեզ հետ, եթե չենք հավատում, որ լսում ենք Նրանից: Խաբեբան՝ սատանան, չի ուզում, որ մտածենք, թե կարող ենք լսել Աստծուց: Նա չի ուզում, որ մենք հավատանք, ուստի ուղարկում է փոքրիկ դևերի, որոնք գիշեր ու ցերեկ ստում են մեզ՝ ասելով, որ չենք կարող լսել Աստծուց: Բայց մենք կարող ենք պատասխանել. «Գրվա՛ծ է, որ Աստված տվել է ինձ ընդունակություն լսելու և հնազանդվելու Իրեն» (տե՛ս Սաղմոս 40.6): Աստծո Խոսքը հռչակում է, որ բոլոր հավատացյալներն ունեն ընդունակություն լսելու և հնազանդվելու Աստծուն և առաջնորդվելու Սուրբ Հոգով:

Հիսուսը մշտապես հստակ լսում էր Հորից: Ովքեր կանգնած էին Հիսուսի շուրջը, ըստ իրենց՝ լսեցին միայն որոտմունք, երբ Աստված խոսեց Նրա հետ (տե՛ս Հովհաննես 12.29): Եթե դու խնդիր ունես Աստծուց լսելու հարցում, քեզ քաջալերում եմ՝ ամեն օր մի քանի րոպե հատկացրո՛ւ և հավատքով դավանի՛ր, որ լսում ես Աստծուց: Երբ դավանես այն, ինչին հավատում ես ամբողջ սրտով, քո միտքը կնորոգվի, և դու կսկսես ակնկալել, որ լսելու ես Աստծուց:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. փոխանակ ճնշվածություն զգալու՝ պարզապես վստահի՛ր, որ Նա կխոսի քեզ հետ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon