Շահագործումից ազատ կյանք

Տարիներ շարունակ հայրս ինձ ենթարկել է սեռական, մտավոր, զգացմունքային և խոսքային բռնության, մինչև որ 18 տարեկանում լքեցի հայրական տունը: Նա շատ սարափելի ու զզվելի բաներ էր անում, որոնց մասին բացեիբաց չեմ կարող խոսել: Բայց ցանկանում եմ կիսվել սեփական վկայությամբ, քանի որ այնքան մարդիկ կան, որ ցավ են ապրել: Նրանք կարիք ունեն հասկանալու, որ եղել են իրենց ցավով տառապողներ, բայց՝ հաղթահարողներ, և շարունակեն հուսալ:

Ամենից առավել կամենում եմ` հասկանաք, որ յուրաքանչյուրը, ով դարձել է բռնության զոհ, կարող է ապաքինվել, եթե կյանքն ամբողջությամբ հանձնի Հիսուսին:

Ի՞նչ է նշանակում չարաշահում

Չարաշահում նշանակում է սխալ կամ ոչ պատշաճ օգտագործում, վատնում: Չարաշահել նշանակում է վարվել դաժանաբար, օգտագործել այնպես, որ հետևանքը վնասի կամ ցավեցնի: Ամեն անգամ, երբ մեզ օգտագործում են այնպիսի նպատակների համար, որոնք Աստծո կամքով չեն, մեզ չարաշահում են: Ես գիտակցում եմ, որ սա շատերին է վերաբերում: Գուցե այս հոդվածը հենց ձեր պատմությունն է: Դուք գիտեք՝ ինչ է նշանակում ապրել սարսափելի ու ամոթալի գաղտնիքով, որը ձեզ «կենդանի ուտում է»:

Իմ հայրը` կյանքի մեծ մասը եղել է ժլատ, իշխող և մանիպուլյացիա անող: Նա անկանխատեսելի ու անկայուն էր: Արդյունքում՝ մեր ընտանիքի մթնոլորտը լցված էր վախով, որովհետև հայտնի չէր, արդյոք արածդ նրան կբավարարի՞, թե՞ կզայրացնի:

Մենք միշտ անում էինք այն, ինչ նա ուզում էր, և երբ ուզում էր: Հեռուստացույցով  դիտում էինք այն, ինչ նա էր դիտում, քնում էինք` երբ նա էր քնում, արթնանում էինք` երբ նա էր արթնանում, և ուտում էինք այն, ինչ նա էր կամենում, որ ուտեինք: Մեր տանն ամեն բան որոշվում էր ըստ նրա տրամադրության և ցանկության:

Սեռական բռնությունն սկսվեց, երբ ես շատ երիտասարդ էի: Եվ երբ նա որոշեց, որ ես բավականաչափ հասուն եմ՝ ավելի հեռուն գնաց: Այդ պահից սկսած մինչև իմ տասնութ տարեկան դառնալը, նա շաբաթը ամենաքիչը մեկ անգամ բռնաբարում էր ինձ: Հայրս, որին ես պետք է վստահեի, և ով պետք է ապահովեր ինձ, այն մարդն էր, ումից ես ամենաշատն էի վախենում:

Ամոթի ու միայնության զգացում

Ես խորապես ամաչում էի այդ ամենի համար: Ամաչում էի ինքս ինձնից, հորիցս և այն ամենի համար, ինչ նա անում էր: Ես մշտապես սարսափի մեջ էի: Չկար մի տեղ,  որտեղ ես ապահով կզգայի: Չեմ կարծում, որ կարիք կա պատկերացնելու, թե սա ինչ վնաս կարող է հասցնել երեխային:

Դպրոցում ձևացնում էի, թե նորմալ կյանք եմ ապրում, բայց ամբողջ ընթացքում ես միայնակ էի զգում և տարբերվում էի մյուսներից: Երբեք չեմ հասկացել, թե ով եմ, և ինձ երբեք թույլ չեն տվել մասնակցել դասերից հետո կազմակերպվող խմբակներին, զբաղվել սպորտով կամ ժամադրվել տղաների հետ: Շատ անգամ ստիպված էի լինում պատմություններ հորինել, թե ինչու չեմ կարող որևէ բան անել դասընկերներիս հետ միասին: Այդքան երկար ժամանակ ես ապրում էի ձևականությամբ և ստվերում:

Այն, ինչ սովորել էի սիրո մասին, իրականում այլասերություն էր: Իմ հայրն ինձ ասում էր, որ այն, ինչ նա անում էր ինձ հետ, հատուկ էր և նրա սիրո դրսևորումն էր: Նա ասում էր, որ այն, ինչ նա անում է, իմ օգտի համար է, բայց դա պետք է լիներ երկուսիս գաղտնիքը, որովհետև ոչ ոք չէր հասկանա, և խնդիրների պատճառ կդառնար մեր ընտանիքում: Որպեսզի իմ ցավն ընտանիքում խնդիրներ չառաջացներ, այն դարձավ իմ բեռը: Եվ քանի դեռ այն գաղտնի էի պահում, ես չէի կարողանում ազատվել այդ ցավից:

Գուցե հարցնեք. «Ջո՛յս, իսկ որտե՞ղ էր Աստված այդ ընթացքում»: Նա այնտեղ էր: Նա ինձ դուրս չբերեց իրավիճակից, երբ ես երեխա էի, բայց ուժ տվեց անցնելու դրա միջով: Ճիշտ է, հայրս շահագործում էր ինձ և չէր սիրում ու պաշտպանում այնպես, ինչպես հարկն էր: Երբեմն ինձ թվում էր, որ այդ ամենը վերջ չունի, և ոչ ոք ինձ չի օգնի:

Բայց Աստված միշտ ծրագիր է ունեցել իմ կյանքի համար և փրկել է ինձ: Այն, ինչը սատանան փորձել է կիրառել իմ դեմ ինձ վնասելու համար, Նա դարձրել է բարիին գործակից (տե՛ս Հռոմ. 8.28): Նա վերցրել է իմ ամոթը և փոխարենը տվել է կրկնակի պարգև և փոխհատուցում (տե՛ս Եսայի 61.7):

Աստված կարող է բժշկել ու վերականգնել քեզ

Միգուցե անհավատալի թվա, բայց Աստծո ճշմարտությունն ինձ ազատ է արձակել ձևական ու ստերով լի կյանքից ու վերականգնել հոգիս: Ես կենդանի ապացույցն եմ այն բանի, որ Աստծո համար չափազանց դժվար ոչինչ չկա: Եվ անկախ այն բանից, թե ինչի միջով ես անցել կամ` որքան են ցավ պատճառել, քեզ համար հույս կա:

Ահա ինչու եմ պատմում իմ պատմությունը: Դու պետք է իմանաս, թե որքան բարի է Աստված, և արժե, որ պայքարես: Եթե կյանքդ հանձնես Քրիստոսին և իսկապես վստահես Տիրոջը, կատարելապես կբժշկվես ու կվերականգնվես, և կապրես այն կյանքով, որի համար Հիսուսը մահացավ. չկորցնե՛ս հույսդ:

Ինչպե՞ս ճանաչել Հիսուսին

Պատրաստ ես ճանաչել Հիսուսին, բայց չգիտես՝ ինչպե՞ս. մենք կարող ենք օգնել քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon