«Որովհետև Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ աշխարհին դատի (մերժի, դատապարտի, դատավճիռ կայացնի), այլ՝ որ աշխարհը Նրանով փրկվի և ապահով ու անվնաս լինի»: ՀՈՎՀԱՆՆԵՍ 3.17, AMP
Ազդեցիկ միջոցներից մեկը, որով թշնամին փորձում է ստիպել մեզ վատ զգալ, դատապարտությունն է, ինչն, անկասկած, կարող է հուսահատության պատճառ դառնալ: Համաձայն Աստծո Խոսքի՝ մենք, որ Քրիստոս Հիսուսում ենք, այլևս չենք դատապարտվում, չենք դատվում՝ որպես մեղավոր կամ սխալ: Մինչդեռ, շատ հաճախ, ինքներս ենք դատում և դատապարտում մեզ:
Տարիներ շարունակ ես ապրում էի մեղքի զգացումով, մինչև չսովորեցի և չհասկացա Աստծո Խոսքը: Եթե ինչ-որ մեկը հարցներ, թե ինչի համար էի մեղավոր զգում, ես չէի կարողանա պատասխանել: Միայն գիտեի, որ կար մեղքի անորոշ զգացում, որ շարունակ հետապնդում էր ինձ:
Այդ փորձառությունից Աստված տվեց ինձ հայտնություն մեղքի զգացումից և դատապարտությունից ազատ ապրելու մասին: Նա ցույց տվեց, որ մենք ոչ միայն պետք է ստանանք ներում Իրենից, այլև պետք է ներենք ինքներս մեզ: Մենք պետք է դադարենք ինքներս մեզ պախարակելուց այն բանի համար, ինչը Նա ներել է և մոռացել (տե՛ս Երեմիա 31.34, Գործք 10.15):
Ես հավատում եմ, որ գրեթե անհնար է հուսահատվել, եթե միտքդ պահում ես խիստ վերահսկողության ներքո: Ահա թե ինչու Եսայի 26.3-ում ասվում է, որ Աստված կպահպանի մեզ կատարյալ և հաստատուն խաղաղության մեջ, եթե մեր միտքն ուղղված լինի Նրան: