Մի՛ վախեցիր

Մի՛ վախեցիր

«Որովհետև Ես՝ Եհովաս, քո Աստվածը, զորացնում եմ քո աջը, որ ասում եմ քեզ. «Մի՛ վախեցիր, Ես կօգնեմ քեզ»» (ԵՍԱՅԻ 41.13):

Երբեմն մենք հանդիպում ենք հակառակության, երբ ձգտում ենք հետևել Սուրբ Հոգուն, ու շատ անգամներ այդ դիմադրությունը հանդես է գալիս վախի տեսքով, այն էլ ոչ թե ուժգին վախերի, ինչպես օրինակ՝ բնական աղետի, սարսափելի հիվանդության կամ որևէ դժբախտության վախի, այլ՝ անհանգստության և տագնապի տանջող զգացումի, որ ունենում ենք սովորական բաների հանդեպ: Սատանան նույնիսկ փորձում է ստիպել մեզ վախենալ համարձակ աղոթելուց: Նա ուզում է, որ Աստծուն մոտենանք վախով, ոչ թե հավատքով:

Ոմանք ամեն օր ապրում են վախի մշտական զգացումով: Նրանցից կարելի է լսել այս մեկնաբանությունները. «Վախենում եմ՝ այսպիսի երթևեկության պայմաններում չկարողանամ ժամանակին հասնել աշխատանքի», կամ՝ «Վախենում եմ՝ այրեմ տապական», կամ՝ «Վախենում եմ՝ շաբաթ օրը բեյսբոլի խաղի ժամանակ անձրև գա»: Այս ամենօրյա վախերը, որքան էլ չնչին թվան, միևնույն է, վախեր են, որոնք խոչընդոտում են Աստծուց լսելու սովորությունը՝ ստիպելով մարդկանց կենտրոնանալ իրենց անհանգստությունների վրա: Թույլ մի՛ տուր, որ թշնամին շեղի քեզ փոքրիկ բաներով և վարակի կյանքդ այս աննշան, մշտական վախերով։ Փոխարենը՝ մենք պետք է աղոթենք և վստահենք Աստծուն:

Իմ կարգախոսն է. «Աղոթի՛ր ամեն ինչի համար և ոչնչից մի՛ վախեցիր»: Երբ մենք ձևավորում ենք Աստծո հետ խոսելու և Աստծուց լսելու ապրելակերպ, հարկավոր է նախահարձակ լինել և ընդդիմանալ փոքրիկ վախերին, սովորություններին ու մտածողության այն կաղապարներին, որոնք չեն նպաստում կամ աջակցում աղոթքին: Սուրբ Հոգին ցանկանում է օգնել մեզ այդ հարցում, ուստի պետք է խնդրենք Նրան ազատել մեզ բացասական սովորություններից և տալ դրական վերաբերմունք, որի շնորհիվ մշտապես հավատքով կապի մեջ ենք մնում Աստծո հետ: Երբ շարունակենք թույլ տալ Սուրբ Հոգուն այսպես առաջնորդել մեզ, մեր աղոթքները և Աստծո ձայնը լսելը կդառնան նույնքան հեշտ և բնական, որքան շնչառությունը:


Աստծո խոսքը քեզ համար այսօր. աղոթի՛ր ամեն ինչի համար. ոչնչից մի՛ վախեցիր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon