
«Եվ եղավ սրանից հետո, որ Մովաբի որդիները և Ամմոնի որդիները և նրանց հետ Մաոնացիներից էլ եկան Հովսափատի վրա պատերազմելու» (Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20.1):
Այսօրվա խոսքում գրված է, որ մովաբացիները, ամմոնացիները և մաոնացիները հետապնդում էին Հովսափատ թագավորին և Հուդայի ժողովրդին: Հին կտակարանի այլ հատվածներում տեսնում ենք, որ Աստծո ժողովրդի համար մշտապես խնդիրներ էին ստեղծում հեբուսացիները, քետացիներն ու քանանացիները:
Մեր պարագայում, մեզ անհանգստացնում են վախերը, հիվանդությունները, լարվածությունը, ֆինանսական խնդիրները, վտանգավոր իրավիճակները, փնթփնթան հարևանները և այլն:
Ի՞նչ խնդիրներ են հետապնդում քեզ հենց հիմա: Ինչ էլ դրանք լինեն, դու կարող ես սովորել Հովսափատ թագավորից՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես նա արձագանքեց իրեն հետապնդողներին: Սկզբում նա վախեցավ, այնուհետև արագորեն մեկ այլ բան արեց. նա սկսեց փնտրել Տիրոջը: Նպատակ դնելով լսել Նրանից՝ Հովսափատը նույնիսկ ծոմ հռչակեց իր թագավորության մեջ: Նա գիտեր, որ պետք է լսեր Աստծուց: Նա մարտական ծրագրի կարիք ուներ, և միայն Աստված կարող էր տալ նրան այնպիսի ծրագիր, որը կպսակվեր հաջողությամբ:
Ինչպես Հովսափատը, մենք նույնպես սովորություն պետք է դարձնենք վազելու Աստծո, այլ ոչ թե մարդկանց մոտ, երբ հայտնվում ենք ծանր դրության մեջ: Մենք ավելի շուտ պետք է փնտրենք Նրան, քան ապավինենք մեր իմաստությանը կամ հարցնենք ուրիշների կարծիքը: Երբ բախվում ենք դժվարությունների, «վազում ենք հեռախոսի՞, թե՞ Գահի մոտ»: Աստված կարող է օգտագործել ինչ-որ անձնավորության՝ մեզ խորհուրդ տալու համար, սակայն առաջինը միշտ պետք է փնտրենք Նրան:
Աստծո ձայնը լսելը հրաշալի միջոց է վախի դեմ պայքարելու համար: Երբ լսում ենք Նրանից, մեր սիրտը լցվում է հավատքով, և վախը հեռանում է: Հովսափատը, որ ապրել է հարյուրամյակներ առաջ, գիտեր, որ կարիք ուներ լսելու Աստծո ձայնը: Այս նույն կարիքը մենք ունենք այսօր. ջա՛նք արա փնտրելու Աստծուն և լսելու Նրա ձայնն այսօր:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. խնդրի՛ր Աստծուց պաշտպանել այն խնդիրներից, որ հետապնդում են քեզ: