
«…Ո՛վ մեր հայրերի Տեր Աստված, Դու չե՞ս այն Երկնքում բնակվող Աստվածը և ազգերի բոլոր թագավորությունների վրա Տիրողը, և Քո ձեռքին են զորությունը և ուժը, և մեկը չի կարող Քեզ դեմ կանգնել» (Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20.6):
Երբ Հովսափատ թագավորը խնդիր ունեցավ, գնաց Տիրոջ մոտ: Բայց Տիրոջ մոտ գնալով՝ չխոսեց իր խնդրի մասին. նա գնաց Տիրոջ մոտ ու խոսեց այն մասին, թե Ով էր Տերը: Աստծո հետ մեր խնդիրների մասին խոսելու փոխարեն՝ խոսենք Նրա հետ նաև Իր մասին: Մենք պետք է ասենք, թե որքան հրաշալի է Նա, որքան բարի է Նա եղել մեր հանդեպ, ինչ է արել անցյալում, և ինչ գիտենք, որ կարող է անել Իր մեծության շնորհիվ: Նրան այսպես փառաբանելուց և երկրպագելուց հետո կարող ենք խոսել մեր խնդրի մասին:
Ես մտածում եմ այն մարդկանց մասին, որոնք զանգում են ինձ միայն այն ժամանակ, երբ խնդիրներ են ունենում, ու դա ցավ է պատճառում ինձ, որովհետև ես զգում եմ, որ ոչ թե ես եմ նրանց հետաքրքրում, այլ այն, թե ինչ կարող եմ անել նրանց համար: Համոզված եմ, որ ինքդ էլ վերապրել ես սա և միևնույն զգացողությունն ես ունեցել: Այս մարդիկ կարող են իրենց անվանել իմ ընկերներ, սակայն, իրականում, նրանք իմ ընկերները չեն: Իհարկե, ընկերները դժվար ժամանակների համար են, բայց նրանք նաև լավ ժամանակների համար են: Մենք կարիք ունենք ժամանակ անցկացնել մեր ընկերների հետ ոչ միայն խնդիրների մասին խոսելու նպատակով, այլև նրանց քաջալերելու, գնահատելու և խոսքերով ու գործողություններով աջակցելու համար:
Երբ այսօր ժամանակ անցկացնես Աստծո հետ, նախքան խնդիրներիդ մասին հիշատակելը, անպայման խոսի՛ր Նրա հետ հենց Իր և այն բարիքների մասին, որ Նա անում է քեզ համար:
Աբրահամը Աստծո ընկերն էր: Ես նույնպես ուզում եմ Աստծո ընկերը լինել և հավատում եմ, որ նույնն էլ դու ես ցանկանում: Աստված պարզապես մեր խնդիրները լուծողը չէ. Նա մեր ամենն է:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. խոսի՛ր Աստծո հետ Իր մասին, նախքան կխոսես Նրա հետ քո մասին: