
«…և Իմ անձից ոչինչ չեմ անում. այլ՝ ինչպես Իմ Հայրը սովորեցրեց Ինձ, այն եմ խոսում» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 8.28):
Իմ կյանքում եղել են պահեր, երբ Աստծուն հարցրել եմ, թե ինչ է ցանկանում, որ անեմ տվյալ իրավիճակում, ու Նա պատասխանել է. «Արա՛ այն, ինչ ուզում ես»: Առաջին անգամ, երբ Նրանից լսեցի այս խոսքերը, վախեցա այն մտքից, որ Աստված կարող էր այդպիսի ազատություն տալ ինձ, սակայն հիմա գիտեմ, որ մեր աճին և հոգևոր հասունացմանը զուգահեռ, Նա ավելի շատ ազատություն տալիս է մեզ:
Այս ամենն ավելի լավ հասկանալու համար ընդամենը պետք է զուգահեռներ անցկացնեի իմ երեխաների հետ: Երբ նրանք փոքր էին և անփորձ, բոլոր որոշումները նրանց փոխարեն ես էի կայացնում: Երբ ավելի հասունացան, թույլ տվեցի, որ ավելի ինքնուրույն գործեն: Մեր երեխաները երկար ժամանակ իմ ու Դեյվի կողքին են եղել և սովորել են ճանաչել մեր սրտերը: Այժմ մեր չորս զավակներն էլ հասուն մարդիկ են և մեծ մասամբ անում են այն, ինչ ցանկանում են, ու հազվադեպ են նեղացնում մեզ, որովհետև նրանք գիտեն մեր սիրտը և գործում են համապատասխանաբար:
Աստծո հետ որոշ տարիներ քայլելուց հետո մենք սկսում ենք ճանաչել Նրա սիրտը, Նրա բնավորությունը և Նրա ճանապարհները: Եթե հանձն ենք առնում հետևել Նրա ճանապարհներին, Նա մեզ ավելի մեծ ազատություն է տալիս, որովհետև մենք Նրա հետ «մեկ» ենք դառնում: Հոգևոր աճին զուգահեռ՝ մենք ավելի ենք ցանկանում պատվել Աստծուն և արտացոլել Նրա սիրտը այն ամենում, ինչ անում ենք: Մեր հոգին լցվում է Նրա Հոգով, և մեր ցանկությունները միաձուլվում են Նրա ցանկություններին:
Այսօրվա խոսքում կարդում ենք, որ Հիսուսն անում և ասում էր միայն այն, ինչ Հայրն էր սովորեցրել: Ես քաջալերում եմ քեզ փնտրել այդպիսի միասնություն Աստծո հետ, որպեսզի այլևս ոչինչ չանես քո ցանկությամբ և քո ուժերով, այլ Տիրոջ հետ այնպիսի մտերմություն վայելես, որ ցանկություններդ մեկ դառնան Նրա ցանկությունների հետ:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. Թո՛ղ Աստծո ցանկությունները դառնան քո ցանկությունները: