
«Շատ խաղաղություն կա Քո օրենքը սիրողների համար…» (ՍԱՂՄՈՍ 119.165):
Աստվածաշնչյան ընթերցանության այս ձեռնարկում բազմիցս նշել եմ այն փաստը, որ Աստված երբեմն առաջնորդում է մեզ հանգամանքների միջոցով: Սա իսկապես ճիշտ է, բայց մենք պետք է պահպանենք հավասարակշռություն, երբ ձգտում ենք լսել և հնազանդվել Նրա ձայնին հանգամանքների միջոցով: Խորհուրդ չեմ տալիս օգտագործել միայն հանգամանքները Աստծո կամքը զանազանելու համար: Մենք պետք է նաև հաշվի առնենք խաղաղությունը և իմաստությունը, որոնց մասին նույնպես խոսել եմ այս գրքում: Սրանք նշանակալի միջոցներ են, որոնցով լսում ենք Աստծուց, և երբեք չպետք է անտեսենք դրանք: Հանգամանքը կարող է նման լինել բաց դռան, սակայն չպետք է մտնենք այդ դռնով, մինչև չունենանք խաղաղություն:
Միմիայն հանգամանքներին հետևելով կարող ենք լուրջ անախորժության մեջ հայտնվել: Ինչպես Աստված, այդպես էլ սատանան կարող է նպաստավոր հանգամանքներ ստեղծել, որովհետև նա ունի մուտք դեպի այն բնական տիրույթը, որտեղ մենք ապրում ենք: Հետևաբար, եթե հետևենք միայն հանգամանքներին՝ հաշվի չառնելով Աստծո ձայնը լսելու մյուս միջոցները, ապա կարող ենք խաբվել:
Մենք գիտենք, որ չենք կարող գնալ հակառակ Աստծո Խոսքին: Մենք պետք է առաջնորդվենք խաղաղությամբ և քայլենք իմաստությամբ: Հեշտ է արագ «ներքին ստուգում» կատարել և որոշել մեր սրտում տիրող խաղաղության աստիճանը, նախքան թույլ կտանք, որ հանգամանքներն առաջնորդեն մեզ: Աստծուց լսելու ամենաապահով միջոցը Հոգով առաջնորդվելու աստվածաշնչյան մեթոդները համակցելն է, այնուհետև դրանք միմյանց հետ ստուգելը և հավասարակշռելը: Լավագույն մոտեցումն այն է, որ դիտարկենք Աստծո Խոսքի խորհուրդն ամբողջությամբ և երբեք չփորձենք գտնել այն հատվածները, որոնք համապատասխանում են նրան, ինչ մենք ենք ցանկանում:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. որոշումներ կայացնելիս միշտ հետևի՛ր խաղաղության: