«Եվ Եհովան ասաց Աբրամին. «Գնա՛ քո երկրից և քո ազգականներից և քո հոր տնից այն երկիրը, որ Ես քեզ ցույց կտամ»: ԾՆՆԴՈՑ 12.1
Ինչպե՞ս կզգայիք, եթե Աստված ասեր, որ թողնեք ձեր տունը, ձեր ընտանիքին և այն ամենը, ինչ ծանոթ և հարմարավետ է ձեզ համար, ու գնաք, ով գիտի, թե ուր: Կվախենայի՞ք: Սա հենց այն մարտահրավերն էր, որին բախվեց Աբրահամը, և որը վախեցրեց նրան: Այդ է պատճառը, որ Աստված շարունակ նրան ասում էր. «Մի՛ վախեցիր»:
Էլիզաբեթ Էլիոթը, որի ամուսինը սպանվեց Էկվադորում չորս այլ միսիոներների հետ, պատմում է, թե ինչպես էր վախն ամբողջովին վերահսկում իր կյանքը: Ամեն անգամ, երբ նա պատրաստվում էր քայլ անելու, վախը կանգնեցնում էր նրան: Այսպես շարունակվեց այնքան ժամանակ, մինչև որ նրա ընկերներից մեկն ասաց այնպիսի բան, որն ազատ արձակեց նրան: Նա ասաց. «Ինչո՞ւ չես անում դա վախենալով»: Էլիզաբեթ Էլիոթը և Ռեյչլ Սենթը՝ նահատակված միսիոներներից մեկի քույրը, գնացին քարոզելու հնդկացիական ցեղերին՝ այդ թվում այն մարդկանց, որոնք սպանել էին Էլիզաբեթի ամուսնուն և Ռեյչլի եղբորը:
Եթե սպասենք, մինչև որ չվախենանք ու նոր միայն գործենք, հավանաբար շատ քիչ բան կանենք Աստծո, ուրիշների կամ, նույնիսկ, մեզ համար: Ե՛վ Աբրահամը, և՛ Հեսուն պետք է հավատքով ու հնազանդությամբ քայլ անեին, որպեսզի իրականացնեին այն, ինչ Աստված պատվիրել էր նրանց, նույնիսկ երբ նրանք վախի զգացում ունեին: Մենք կարող ենք նույնն անել: