Հուսախա՛բ արա թշնամուն

Հուսախա՛բ արա թշնամուն

«Բոլորովին ուրախություն համարե՛ք, եղբայրնե՛ր, երբ որ կերպ-կերպ փորձությունների եք հանդիպում կամ տարբեր գայթակղությունների մեջ եք ընկնում: Համոզվա՛ծ եղեք և հասկացե՛ք, որ ձեր հավատքի փորձառությունը և ստուգումը տոկունություն, հաստատունություն և համբերություն են գործում» (ՀԱԿՈԲՈՍ 1.2,3):

Քրիստոնյաների ամենատարածված սխալներից է այն, որ երբ փորձությունները գալիս են, նրանք աղոթում են, որ դրանք դադարեն: Ես հավատում եմ, որ փոխարենը մենք պետք է աղոթենք զորության և տոկունության համար. մենք պետք է խնդրենք, որ Աստված մեզ հաստատուն դարձնի: Եթե թշնամին մեր դեմ ուղղի իր ամենամեծ զենքերը՝ անելով հնարավոր ամեն բան մեզ անհանգստություն պատճառելու, մեր աշխատանքը կործանելու, մեր ընտանիքը մասնատելու կամ մեր խաղաղությունը գողանալու համար, իսկ մենք մնանք հաստատուն և համբերատար, նա կհայտնվի մեծ հուսախաբության մեջ և, ի վերջո, կպարտվի, որովհետև մենք չենք համագործակցում նրա հետ:

Փիլիպեցիների 1.28-ում ասվում է. «Եվ [ոչ մի վայրկյան] ոչ մի բանով մի՛ զարհուրեք կամ ահաբեկվեք ձեր հակառակորդներից և թշնամիներից, որ դա [կայունությունը և անվախությունը] նրանց համար հստակ նշան (ապացույց և կնիք) է [վերահաս] կորստի, և ձեզ համար՝ [հաստատ վկայություն] ազատագրման և փրկության, և դա Աստծուց է» (AMP): Այս խոսքը քաջալերում է մեզ չվախենալ կամ չահաբեկվել, երբ սատանան դուրս գա մեր դեմ, այլ մնալ հաստատուն: Երբ այդպես վարվենք, ոչ միայն ցույց կտանք սատանային, որ նա չի կարող դիպչել մեզ, այլև կհայտնենք Տիրոջը, որ մենք հավատում ենք Իրեն: Այն փաստը, որ մեր գործողությունները հաստատում են մեր վստահությունն առ Աստված, նշան է Նրա համար՝ բաց թողնելու Իր զորությունը մեր իրավիճակների մեջ և ազատելու մեզ: Ես հավատում եմ, որ Աստված ուզում է, որ դու Իրենից լսես այս խոսքերը. «Հաստա՛տ կանգնիր և մի՛ վախեցիր»:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. թո՛ղ քո վստահությունն առ Աստված այնքան հաստատուն լինի, որ այն հուսախաբ անի թշնամուն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon