«Որովհետև Տերն է Հոգին. որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատություն» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 3.17):
Այս գրքում արդեն խոսել եմ օրինապաշտության մասին, որը զսպող գործոն է Հոգով առաջնորդվող կյանքի համար, սակայն ցանկանում եմ ավելի մանրամասն անդրադառնալ դրան, որովհետև, կարծում եմ, օրինապաշտությունը հսկայական խոչընդոտ է Աստծուց լսելու համար:
Մենք չենք կարող վերապրել իսկական ուրախություն, մինչև չառաջնորդվենք Աստծո Հոգով, և չենք կարող առաջնորդվել Հոգով՝ միաժամանակ ապրելով օրենքի տակ: Օրինապաշտական մտածելակերպն ասում է, որ բոլորը մշտապես պետք է վարվեն նույն ձևով: Բայց Աստծո Հոգին առաջնորդում է մեզ անհատապես, հաճախ՝ յուրօրինակ և ստեղծագործական ճանապարհներով:
Աստծո գրավոր Խոսքում նույն ուղերձն ուղղված է բոլորին, և այստեղ մասնավոր մեկնության խնդիր չկա (տե՛ս Բ Պետրոս 1.20): Սա նշանակում է, որ Աստծո Խոսքը չի պատվիրում մեկին՝ մի բան, մյուսին՝ մեկ այլ բան: Սակայն, Սուրբ Հոգին անհատապես առաջնորդում է յուրաքանչյուրին:
Աստված կարող է առաջնորդել ինչ-որ մեկին չօգտագործել շաքարավազ առողջական խնդրի պատճառով: Դա չի նշանակում, որ ոչ ոք չի կարող շաքարավազ օգտագործել: Օրինապաշտական մարդիկ փորձում են ուրիշներին ուղղված Աստծո խոսքերը վերցնել և դարձնել օրենք իրենց համար:
Ես լսել եմ, որ այն ժամանակ, երբ Հիսուսը ծնվեց, դպիրներն ու փարիսեցիները Տասը պատվիրանները վերածել էին երկու հազար կանոնների, որոնց պետք է հետևեին մարդիկ: Այդպիսի օրենքի ներքո ապրելը պարզապես գերություն է:
Հիսուսը եկավ, որ գերիներին ազատ արձակի: Մենք ազատ չենք, որպեսզի անենք այն, ինչ ցանկանում ենք: Մենք ազատվել ենք օրինապաշտությունից և այժմ ազատ ենք՝ հետևելու Սուրբ Հոգուն այն ստեղծագործական, յուրօրինակ ճանապարհներով, որոնցով Նա առաջնորդում է մեզ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. վստահի՛ր, որ Սուրբ Հոգին կխոսի քեզ հետ և կառաջնորդի կյանքի ճանապարհներում: