
«Ո՛վ Տեր, Քո Խոսքը հավիտյան հաստատ է Երկնքում» (ՍԱՂՄՈՍ 119.89):
Դու գիտես, որ Աստված խոսում է մեզ հետ Իր Խոսքի միջոցով: Մենք կարող ենք արձագանքել Նրան Իր Խոսքով, երբ աղոթքի մեջ օգտագործենք Նրա Խոսքը: Հավանաբար լսել ես «աղոթի՛ր Խոսքով» արտահայտությունը և ուզում ես իմանալ, թե ինչպես են դա անում: Կարծում եմ, Խոսքով աղոթելը կամ, ինչպես ոմանք են ասում, «Սուրբ գրքով աղոթելը» աղոթքի ամենապարզ ձևն է, որ հասանելի է յուրաքանչյուր հավատացյալի: Դա Աստվածաշնչի խոսքերը կարդալն է կամ անգիր ասելը և դրանցով աղոթելը՝ համարելով, որ դրանք ուղղված են անձամբ քեզ կամ մեկ ուրիշի: Կարծում եմ, դա անելու լավագույն միջոցը Խոսքին հետևյալ առաջաբանը կցելն է. «Աստվա՛ծ, Քո Խոսքն ասում է (զետեղել սուրբգրային խոսքը), և ես հավատում եմ դրան»:
Եթե քեզ համար աղոթեիր Երեմիա 31.3 խոսքով, ապա մոտավորապես այսպես կասեիր. «Աստվա՛ծ, Քո Խոսքն ասում է, որ Դու սիրել ես ինձ հավիտենական սիրով և քաշել ողորմությունով: Շնորհակալություն, որ այդքան սիրում ես ինձ և շարունակում ես ողորմությունով մոտեցնել Քեզ: Օգնի՛ր, որ գիտակցեմ և զգամ Քո սերը իմ հանդեպ»: Եթե նույն Խոսքով աղոթեիր քո ընկերուհի Սյուզիի համար, ով դժվարանում է հավատալ, որ Աստված իսկապես սիրում է իրեն, ապա մոտավորապես այսպես կաղոթեիր. «Աստվա՛ծ, Քո Խոսքն ասում է, որ Դու սիրել ես Սյուզիին հավիտենական սիրով և քաշել ես նրան ողորմությունով: Աստվա՛ծ, Դու գիտես, որ Սյուզին վերջերս այդքան էլ վստահ չէ Քո սիրո մեջ, ուստի խնդրում եմ, այնպես արա, որ այս խոստման ճշմարտությունը գերազանցի նրա զգացմունքներին»:
Աստծո խոստմունքները քեզ համար են. դրանք յուրաքանչյուր հավատացյալի համար են, և Նա սիրում է, երբ գիտենք Նրա Խոսքը և այդ Խոսքով աղոթում ենք Իրեն:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված սիրում է քեզ այնպես, ինչպես կաս, և կօգնի, որ դառնաս այն, ինչ Նա ստեղծել է քեզ լինելու: