Աղոթի՛ր ուրիշների համար

Աղոթի՛ր ուրիշների համար

«Արդ աղաչում եմ և հորդորում՝ խնդրվածքներ, աղոթքներ, բարեխոսություններ և գոհություն բարձրացնել բոլոր մարդկանց համար» (Ա ՏԻՄՈԹԵՈՍ 2.1):

Երբ աղոթում ենք, և՛ խոսում ենք Աստծո հետ, և՛ լսում Նրան: Աղոթքի տեսակներից է բարեխոսությունը, որը, քեզնից բացի, մեկ ուրիշի համար աղոթելն է: Դու աղաղակում ես Աստծուն ուրիշի անունից՝ նրա կարիքներն աղոթքով բերելով Աստծո առջև և երբեմն նրա իրավիճակի վերաբերյալ Աստծուց ինչ-որ բան լսելով: Բարեխոսությունը աղոթքի կարևոր տեսակներից է, որովհետև շատերը չեն աղոթում իրենց համար կամ չգիտեն ինչպես աղոթել: Ինչո՞ւ: Այն պատճառով, որ նրանք չունեն փոխհարաբերություն Աստծո հետ: Երբեմն էլ հանգամանքներն այնքան բարդ են լինում, լարվածությունը՝ այնքան բարձր, ցավը՝ այնքան ուժգին, կամ իրադրությունը՝ այնքան շփոթեցնող, որ մարդիկ չեն իմանում ինչպես աղոթել իրենց իրավիճակների համար: Լինում են ժամանակներ, երբ մարդիկ այնքան են աղոթում իրենց համար, որ այլևս ուժ չի մնում աղոթքները շարունակելու համար:

Օրինակ՝ մի անգամ այցելեցի իմ ընկերներից մեկին, ով հիվանդանոցում քաղցկեղով պառկած էր: Նա քաջարի մարտիկի պես պայքարել և աղոթել էր, բայց հասել էր մի կետի, երբ այլևս այնքան ուժեղ չէր, որ աղոթեր այնպես, ինչպես ցանկանում էր: Նա ինձ ասաց. «Ջո՛յս, ես այլևս չեմ կարողանում աղոթել»: Նա կարիք ուներ, որ ընկերներն աղոթեին իր համար. ոչ թե պարզապես աղոթեին իր համար, այլ աղոթեին իր փոխարեն, որովհետև ինքն անկարող էր դա անել:

Համոզված եմ, որ քո կյանքում կան մարդիկ, որոնք աղոթքի կարիք ունեն, մարդիկ, որոնք կարիք ունեն, որ իրենց անունից խոսես Աստծո հետ և լսես Նրանից: Քաջալերում եմ՝ խնդրես Աստծուն ցույց տալ այդ մարդկանց և հավատարմությամբ աղոթես նրանց համար:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. եղի՛ր հավատարիմ՝ աղոթելու մարդկանց համար, երբ Աստված առաջնորդի քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon